Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի վարչությունը հայտնել է, որ երկուշաբթի Մալաթիա նահանգում տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժից մեկ մարդ է մահացել, 69-ը վիրավորվել են, քանդվել է մի քանի շենք, աղետի գոտում սկսվել են որոնողական աշխատանքները:
Ստորգետնյա ցնցումները, սակայն, չեն խանգարում, որ Անկարան թիրախավորի Քրդական աշխատավորական բանակի զինյալներին: Երկուշաբթի Թուրքիային պատկանող անօդաչու թռչող սարքը հարվածել է Իրաքի հյուսիսային Նայնավա նահանգում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցներին տեղափոխող մեքենային։ Այս մասին հայտնում է Shafaq News պորտալը՝ հղում անելով ուժային կառույցների աղբյուրին։ Նախնական տեղեկություններով՝ հարվածի պահին մեքենայում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։ Զոհերի ստույգ թիվը դեռ չի հաղորդվում։
Փետրվարի 10-ին PKK-ի քաղաքական թևի ղեկավարը հայտարարել էր, որ իր կուսակցությունը որոշել է ռազմական գործողություն չձեռնարկել թուրքական բանակի դեմ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների հետ կապված։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ թուրքական կողմից հարձակումների բացակայության դեպքում պայմանը կգործի մինչև աղետի ավարտը։