Հայաստանից Արցախը սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրագծի խափանման պատճառով արցախցիները ստիպված են օգտագործել բացառապես տեղական արտադրության էլեկտրաէներգիա: Այս պայմաններում Բաքվի պարտադրած իրավիճակում Սարսանգի ջրամբարը դատարկվում է:
Գեորգի Հայրիյան (Արցախի ջրային կոմիտեի նախագահ) - Շատ սխալ քաղաքականություն է Ադրբեջանի կողմից Հայաստանից ներմուծվող էլեկտրական հոսանքի անջատումը, որովհետև նրանք հենց իրենց են վնաս տվել, վնաս են տվել իրենց բնակչությանը: Այսինքն՝ Ադրբեջանի այն բնակչությունը, որը վերջին երկու տարում օգտվում էր Սարսանգի ջրերից գյուղատնտեսություն զարգացնելու համար, 2023 թվականին չի ունենա այդ հնարավորությունը, դա միանշանակ:
Հունվարի 9-ից, երբ Բերձեր-Աղավնո հատվածում վնասվել է Հայաստանից Արցախը սնուցող միակ էլեկտրագիծը, իսկ Ադրբեջանը չի ապահովում վերջինիս վերականգնումը, Արցախի էներգահամակարգի հիմնական ծանրաբեռնվածությունը Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ի վրա է: Սա է պատճառը, որ պաշարների առումով ջրամբարը կրիտիկական վիճակում է:
Արցախում ստեղծված էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար «Սարսանգ» ՀԷԿ-ն աշխատում է ամբողջ հզորությամբ: Հունվար-փետրվարին հիդրոէլեկտրակայանն արտադրել է 27,5 միլիոն կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա՝ գրեթե 3 անգամ ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Գրիգոր Գրիգորյան («Սարսանգ» ՀԷԿ-ի պետ) - Եթե մենք անցած տարի հունվար-փետրվար ամիսներին ծախսել ենք 53 միլիոն խորանարդ մետր ջուր, ապա այս տարի մենք ծախսել ենք 160 միլիոն խորանարդ մետր ջուր: Այսինքն՝ մենք հիմա այնպիսի նիշում ենք, որ ես չեմ հիշում ոչ մի տարի, որ մենք փետրվար ամսին այդքան ցածր նիշ ունենանք:
«Սարսանգ» ՀԷԿ-ն ապահովում է նաև ընդհանուր ցանցի աշխատանքը, որ մյուս հիդրոէլեկտրակայանները ևս կարողանան աշխատել: Էլեկտրակայանի ծանրաբեռնված աշխատանքի պատճառով Սարսանգի ջրամբարում ջրի մակարդակն իջել է ավելի քան 20 մետրով, ասում է «ԱրցախՀԷԿ» ընկերության գլխավոր ինժեները:
Արմեն Գասպարյան («Արցախ ՀԷԿ» ընկերության գլխավոր ինժեներ) - Ես ինքս աշխատում եմ համակարգում մոտ 30 տարի և երբևէ չեմ տեսել այսքան ցածր մակարդակ:
Առկա ջրային պաշարները խնայելու նպատակով Արցախում շարունակվում են հովհարային անջատումները, որոնք իրենց հերթին ցանցի կարգավորման համար խնդիրներ են հարուցում:
Գրիգոր Գրիգորյան - Տատանումները՝ լարման և հաճախականության, պետք է բերվեն նորմալ դիրքի: Այսինքն՝ յուրաքանչյուր բեռի անջատման և միացման ժամանակ կատարվում են լարման և հաճախականությունների տատանումներ, այդ բոլորը կատարում է հերթափոխը՝ աշխատանքները բերելով նոմինալ վիճակի:
2022 թվականի մարտին, երբ Ադրբեջանն արգելափակել էր Հայաստանից դեպի Արցախ գազատարը, Արցախի ջրային կոմիտեի ղեկավարն ադրբեջանական կողմին էր ներկայացրել Սարսանգում ստեղծված իրավիճակը: Գեորգի Հայրիյանի խոսքով՝ այն ժամանակ կարծես ըմբռնել էին:
Գեորգի Հայրիյան - Երկու շաբաթվա ընթացքում բավականին լուրջ քանակի ջուր է օգտագործվել, որը օրինակի տեսքով նրանց բերել եմ: Եթե դա չլիներ, կարող էինք շատ ավելի ջուր տրամադրել նրանց: Նույն և ավելի բարդ իրավիճակում հայտնվել ենք հիմա:
Սարսանգում ջրի մակարդակի իջնելուն զուգահեռ աճում է էլեկտրաէներգիա ստանալու համար օգտագործվող ջրի տեսակարար կշիռը, որ ապահովվի անհրաժեշտ ճնշումը: Սարսանգը արագ տեմպերով դատարկվում է:
Ջրամբարի ընդհանուր տարողունակությունը 550 մլն խորանարդ մետր է, այս պահին 170 միլիոն խորանարդ մետր ջուր է մնացել, որից 70 միլիոնը համարվում է մեռյալ ծավալ՝ օգտագործման ոչ ենթակա: