Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին երկուշաբթի պաշտոնական այցով ժամանել է Սիրիա՝ առաջին անգամ վերջին տասնամյակում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Շուքրին Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադի հետ, որից հետո այցելել է Թուրքիա: Սիրիական հակամարտության ընթացքում Կահիրեի և Դամասկոսի միջև բարձր մակարդակի հարաբերությունները դադարեցվել էին։
Ավելի վաղ Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Շուքրին մտադիր է «Եգիպտոսի համերաշխությունը հայտնել երկու երկրին և եղբայրական ժողովուրդներին՝ կապված փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետ, որը հանգեցրեց մեծ կորուստների»։ «Ակնկալվում է, որ ԱԳ նախարարը Սիրիայում և Թուրքիայում իր հանդիպումների ժամանակ կհաստատի Եգիպտոսի պատրաստակամությունը՝ օգնելու երկու պետություններում աղետից տուժածներին»,- նշել են ԱԳՆ-ում։
Anadolu գործակալությունը հայտնել է, որ Թուրքիայում Շուքրիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հնարավոր է համարել Թուրքիայի և Եգիպտոսի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի անձնական բանակցությունները:
«Այդ հանդիպումը կազմակերպելը ԱԳՆ-ի խնդիրն է, և մենք դրանով կզբաղվենք»,- ասել է Չավուշօղլուն: