Հոգեկան առողջության և նյարդահոգեբանական խնդիրներով անձանց տուն-ինտերնատները անհրաժեշտ է փակել, դրանք այնտեղ խնամվող մարդկանց կյանքում ոչ մի դրական փոփոխություն չեն բերում, հակառակը՝ նպաստում են մեկուսացմանը, որովհետև այստեղ ոչ թե զարգացնում են կարողությունները, որ մի օր նրանք հասարակություն վերադառնան, այլ այդ կարողությունները աստիճանաբար հետընթաց են գրանցում: Ռեժիմային այս հաստատություններն իրենց բնույթով արդեն հիմնված են մարդու իրավունքների խախտումների վրա, երբ բնակիչները որոշումներ չեն կայացնում նույնիսկ իրենց կենցաղի վերաբերյալ, չունեն անձնական տարածք, զբաղմունք, չկա անհատական մոտեցում:
Քաղհասարակության ներկայացուցիչների այս պնդումները նորից հանրային քննարկումների օրակարգ եկան Վարդենիսի հաստատությունում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ խնամյալներից երկուսը հայտնաբերվել էին կապկպված: Հայտնի էր դարձել նաև նրանց շահագործելու դեպքերի մասին:
Մուշեղ Հովսեփյան («Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ) - Երբ որ ասում ենք՝ ապաինստիտուցիոնալացում, որպես վերջնարդյունք նկատի ունենք հաստատությունների փակումը, բայց նկատի չունենք, որ դա պետք է իրականացվի շատ կտրուկ, այլ ապաինստիտուցիոնալացում Հայաստանի համար առաջին հերթին նշանակում է նոր ծառայությունների ստեղծում:
Ապաինստիտուցիոնալացումը հաստատությունների բնակիչների տեղափոխումն է համայնքներ՝ իրենց տներ, սոցիալական բնակարաններ, փոքր խմբային տներ կամ այլ տիպի բնակելի վայրեր, որտեղ երաշխավորված են նրանց ազատությունները: Բայց դրան հասնելուց առաջ անհրաժեշտ ծառայությունները բազմազան են: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահը նկատում է՝ այնպես, ինչպես որ հաշմանդամություն չունեցող անձանց են պետք տարբեր ծառայություններ, աջակցողների սոցիալական ցանց, այդ նոր ծառայությունները պետք է լինեն համայնքում հասանելի ու միտված ամեն ինչ անելու, որ անձը չհայտնվի փակ հաստատություններ տեղափոխվելու վտանգի առաջ:
Մուշեղ Հովսեփյան - Առաջին հերթին հոգեկան ծառայությունների ինտեգրումն է առողջության առաջնային պահպանման օղակում: Դա էականորեն կբարելավի ընդհանուր հասարակության հոգեկան առողջության վիճակը, ինչպես նաև հատկապես այն մարդկանց, որոնք այդ ծառայություններից պարբերաբար կամ մշտապես օգտվելու անհրաժեշտություն ունեն:
Հաջորդ կարևոր քայլը Մուշեղ Հովսեփյանը համարում է հոգեկան առողջության խնդիրներով մարդկանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությունը, նրանց միայն այդ խնդիրների հիմքով վտանգավոր չհամարելը:
Շատ հաճախ հոգեկան առողջության խնդիրներ չունեցող մարդիկ են հանցագործություններ կատարում, բայց որպես հասարակություն հարց չենք ձևակերպում, որ մարդկանց ինչ-որ խմբի պետք է մեկուսացնենք մեր կանխատեսումների հիմքով:
Իհարկե, հոգեկան առողջության խնդիրները, ըստ նրա, կարող են մեծացնել տարբեր գործողություններ կատարելու հավանականությունը, բայց դրանք շատ փոքր տոկոս են կազմում և էլ ավելի են նվազում որակյալ ծառայությունների դեպքում:
Մուշեղ Հովսեփյան - Նաև շատ տարբեր նորարարական ծառայությունների տեսակներ կան, որոնք կարող են փոխել ընդհանուր համակարգը և նվազեցնել մարդուն ինստիտուցիոնալացնելու անհրաժեշտությունը: Օրինակ՝ տարբեր փոխօգնության խմբերի ձևավորումը համայնքներում, հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող մարդկանց տեսանելիության բարձրացումը, որպեսզի մարդիկ ճանաչեն միմյանց, իրարից խորհուրդ հարցնեն:
Կարևոր է նաև ընտանիքների հետ աշխատանքը. այսպիսի հաստատություններում մարդիկ հաճախ հայտնվում են, որովհետև ընտանիքներն են հրաժարվում նրանցից: Հաշվառված է հոգեկան առողջության խնդիր ունեցող 24.500-ից ավելի անձ: Հոգեբուժական հաստատություններում ու մասնագիտացված խնամքի կենտրոններում մոտ 2 հազարն է, ասել է թե՝ այդ մարդկանց մեծ մասը հասարակության մեջ է:
Ապաինստիտուցիոնալացման գործընթացը մեր երկրում սկսվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան 2010 թվականին վավերացնելով: Դրանից հետո այդ գաղափարը որոշակի կերպով արտացոլվել է ներքին օրենսդրությունում: Ու մինչև գործնական քայլերը հապաղում են, իրավապաշտպաններն ու դիտորդական խմբերը տարբեր զեկույցներում արձանագրում են փակ հաստատություններում խնամվող անձանց բազմաթիվ իրավունքների խախտումներ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նույնպես տարբեր առիթներով անդրադարձել է դրանց, այդ թվում՝ Վարդենիսում տեղի ունեցած դեպքերից հետո: Թեմայի վերաբերյալ «Լուրերի» հետ զրույցում ՄԻՊ գրասենյակում նշել էին՝ ապաինստիտուցիոնալացումը հեռավոր ապագայի հարց է:
Լաուրա Գասպարյան (ՄԻՊ կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ) - Այո՛, մենք ձգտում ենք, որ բոլորը ապրեն հանրային միջավայրում, բոլորը իրենց համայնքում ապրեն: Սա լավագույն լուծումն է, որ մենք կարող ենք սպասել: Բայց դրան հասնելու համար պետք է անել քայլեր: Միանգամից վերցնել ու փոխել, կարծում եմ՝ իրատեսական չէ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այս ոլորտում խնդիրների ու անելիքների մասին դեռ մեկնաբանություններ չի տալիս: Փոխանցեցին, որ առաջիկայում հանդիպում է նախատեսվում նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններում մշտադիտարկում իրականացնող ՀԿ-ների հետ: Քննարկվելու է նաև ապաինստիտուցիոնալացման հարցը: Ու հիմա, քանի որ մինչև այժմ արված աշխատանքների ամփոփման ընթացքն է, մեկնաբանություններ կտրվեն դրա ավարտից հետո:
Նախարարության ենթակայությամբ գործում է մասնագիտացված խնամքի երկու հաստատություն՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը:
«Ձորակում» բնակվում է 175 շահառու: Այստեղ կա մեկ հոգեբույժ: Հաստիքն էլ մեկն է: Վարդենիսում շահառուները 450-ն են: Հոգեբույժի 3 հաստիք կա, զբաղված է 1.5-ը: Այս հաստատության միակ և կենսաթոշակի տարիքն անց հոգեբույժը տնային կալանքի տակ է:
Հոգեբույժների սակավության խնդիրը հանրապետությունում սուր է արդեն տարիներ շարունակ: Հետևաբար ապաինստիտուցիոնալացման դեպքում էլ կադրերի խնդիրը արդիական է մնում: Բայց կա դրական միտում՝ թեպետ վատ առիթով: Քովիդի համավարակից ու 44-օրյա պատերազմից հետո ուսանողները ավելի են հետաքրքրված հոգեբուժությամբ:
Կարինե Թաթարյան (Երևանի պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի վարիչ) - Գուցեև շատացել են հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց քանակը, որոնց հետ առնչվում են նաև մեր ուսանողները առօրյա կյանքում, և ստացվեց այնպես, որ վերափոխվեց հասարակության կարծիքը, որ հոգեկան առողջությունը ամենևին էլ երկրորդային չէ: Շատ մեծ տոկոս են կազմում այսօր մարմնային այն հիվանդությունները, որոնց գանգատներով հիվանդները գնում են առաջնային օղակ, որի հիմքում ընկած են հոգեկան ապրումները, հոգեկան դժվար իրավիճակներին հակազդելու ռեակցիաները:
Երևանի պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնում եթե նախկինում տարեկան սովորում էր 7-8 կլինիկական օրդինատոր, ապա վերջին երեք տարիներին նրանց թիվը հասել է 25-30-ի:
Ամբիոնի ղեկավար Կարինե Թաթարյանի խոսքով՝ այսօր Հայաստանում գործում է մոտ 170 հոգեբույժ: Առնվազն կրկնակի պահանջարկ կա: Խիստ պակաս կա նաև միջին ու կրտսեր բուժանձնակազմի: Կրտսեր բուժաշխատողը, օրինակ՝ հաստատությունում աշխատում է տասնյակ անձանց հետ՝ պատասխանատվության մեծ բեռով:
Կարինե Թաթարյան - Ե՛վ պատասխանատվությունը մաքրության համար, և՛ սնունդը ժամանակին տեղ հասցնելու, և՛ հիվանդների հիգիենային հետևելու, և՛ զբաղվածության: Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք՝ թվաքանակով մեկ աշխատող այդ ամենը պետք է ապահովի միջինում 40-50 հիվանդի: Ֆիզիկապես հնարավոր չէ:
Նաև ընդգծում է՝ մասնագիտացված հաստատություններում խնամվողները հմտությունները կորցնում են ոչ միայն պայմանների բերումով:
Կարինե Թաթարյան - Կան հոգեախտաբանական վիճակներ, որտեղ գիտությունը դեռևս անզոր է ընդուպ մինչև վերջնական վերականգնողական բուժում ապահովել, այսինքն՝ կան պրոցեսներ, որոնք բնականոն հանգեցնում են որոշակի հմտությունների իջեցմանը:
Բայց, իհարկե, կարևոր է, որ վերականգնումից հետո մարդը վերադառնա հասարակություն և շարունակի կիրառել թեկուզ պահպանված հմտությունները:
Կարինե Թաթարյան - Դրա համար պարտադիր պետք է նաև հոգեկրթության գործունեություն ծավալել:
Անհրաժեշտ է հասարակությանը սովորեցնել, որ եթե մարդը ինչ-ինչ պատճառներով դիմել էր հոգեկան առողջության կենտրոն, ամենևին էլ չի նշանակում, որ նրանից պետք է երես թեքեն կամ էլ այլևս չի կարող ոչ մի տեղ աշխատել:
Հեղինակ՝ Աննա Զախարյան