Սյունիքից, Տավուշից, Գեղարքունիքից ու հանրապետության մյուս բոլոր մարզերից հանրակրթական դպրոցների աշակերտները իրենց հարազատ գյուղի, շրջանի կամ մեկ այլ բնակավայրի բարբառով պատրաստած տեսանյութերով մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Լեզվի կոմիտեի կազմակերպած «Բարբառը մեր հարստությունն է» մրցույթին:
Դավիթ Գյուրջինյան (Լեզվի կոմիտեի նախագահ) - Մեծ ընդգրկում եղավ, և այդպիսի մեծ քանակությունը ուրախալի է. առաջին անգամ անցկացվեց մրցույթ, երբ կարևորվում է ոչ թե գրական հայերենը, այլ մայրենի բարբառը:
Մրցույթն անցկացվում է առաջին անգամ: ԿԳՄՍ նախարարությունը հանրապետության շուրջ 1400 դպրոցից տարբեր բարբառներով 450 տեսանյութ է ստացել:
Արաքսիա Սվաջյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Այսպես ասած երկրորդ փուլ մոտավորապես 170 տեսանյութ է անցել, 15-ը լավագույնները հրապարակվել են նախարարության սոցիալական հարթակներում:
Հրապարակված լավագույն հնգյակում Գորիսի թիվ 2, 3 դպրոցներն են, Կարմիրգյուղի թիվ 2 դպրոցը, Բերդի թիվ 3 հիմնական դպրոցն ու Տաթևի միջնակարգ դպրոցը:
Տեսանյութերը գնահատել են ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովի անդամները նախարարությունից, Լեզվի կոմիտեից, ԿԶՆԱԿ-ից:
Լեզվի կոմիտեի նախագահի գնահատմամբ՝ մայրենի բարբառին նվիրված ծրագիրը խիստ կարևոր է՝ աշխարհում բազմաթիվ լեզուներ են մոռացվում, վերանում:
Սա լեզուն պահպանելու լավ միջոց է:
Գյուրջինյանն ահազանգում է՝ այսօր արևմտահայերենն է վտանգված, անհրաժեշտ է սոցցանցերում հայատառ գրել, բջջային հեռախոսներում էլ հայերեն հավելվածներն ակտիվացնել: