Ժոզեպ Բորել (ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ) - Մենք գործարկեցինք Հայաստանում ԵՄ առաքելությունը, որն այժմ գործում է և այսօր իրականացրեց իր առաջին պարեկությունը։ Հայաստանում ԵՄ առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի տեղում և կաջակցի ԵՄ ջանքերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Ամեն ինչ արվում է միայն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և նրա՝ որպես անվտանգության գլխավոր երաշխավորի պատմական դերը թուլացնելու համար։ Անտեսվում են Բաքվի կողմից այդ նախաձեռնության վերաբերյալ հրապարակային բացասական գնահատականները:
Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ) - Ի՞նչ է նշանակում երկարաձգել առաքելությունը առանց մեզ հետ համաձայնեցնելու, չէ՞ որ դա մեր սահմանների մոտ է լինելու:
Էդմոն Մարուքյան (Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան) - Առաքելությունը որևէ երկրի դեմ չի, այլ հանուն խաղաղության պահպանման է և ՀՀ սուվերեն տարածքի, ՀՀ պետական սահմանների մոնիթորինգով է զբաղվում:
Առաքելությունը ամբողջությամբ քաղաքացիական է, տարբեր մասնագետներ կան, որ տարբեր ոլորտներում են աշխատել ու տարբեր փորձ ունեն, ու դա շատ լավ է:
Եվրամիության 100 քաղաքացիական առաքելությունը Հայաստանում է փետրվարի 20-ից։
Առաքելության նպատակներն են՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության պահպանումը, հակամարտությունից տուժած շրջաններում վստահության, մարդկանց անվտանգության և ԵՄ աջակցությամբ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմանների ապահովումը:
Առաքելության մանդատը 2 տարով է, կենտրոնակայանը՝ Եղեգնաձոր քաղաքում է։ Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը շտաբի բացման լուսանկարները հրապարակելով ընդգծում է՝ ուրախ են իրենց ներդրումն ունենալու համար։
2022 թվականի դեկտեմբերի 27-ին էր Հայաստանը դիմել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ Հայաստանում քաղաքացիական առաքելություն ստեղծելու խնդրանքով։ Որոշումն ընդունվեց մոտ 1 ամիս անց՝ 2023-ի հունվարի 23-ին։
Էդմոն Մարուքյան - Այս որոշման կայացման համար նախորդ 2 ամսի առաքելությունը թեև կարճ էր, բայց հավանաբար իրենց զեկույցը դեր կատարել է, այն մեկը Հայաստանի առաքելություն չէր, Վրաստանից մի խումբ ուղարկվել էր, իսկ սա հատուկ Հայաստանի համար առանձին մանդատով առաքելություն է:
Տիգրան Գրիգորյան (Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ) - Հայաստանը դիվանագիտական ակտիվ աշխատանք է տարել ու մեծ դեր է կատարել Ֆրանսիան, որը այս գաղափարի հեղինակներից մեկն է:
Եվրամիությունն այս որոշմամբ ցույց է տալիս, որ պատրաստակամ է ավելի մեծ ներգրավվածություն ունենալ տարածաշրջանի կայունության ապահովման հարցոմ, առաջինի տեղակայումից հետո այս որոշումը սպասելի էր, պարզ էր, որ Հայաստաը փորձելու էր երկարաձգել կամ փոխարինել առաքելությունը
Հակոբ Բադալյան (քաղաքագետ) - Սա մեխանիզմ է, որը պետք է ձգտենք առավելագույն օգտագործել, իսկ դրա հետագա աշխատանքը կախված է լինելու, թե ինչ Եվրամիության հետ ենք գործ ունենալու առաջիկայում:
Ռուսական կողմը, սակայն, Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը դիտարկում է աշխարհաքաղաքական հարթության մեջ՝ որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ։ Այդ մասին ուղիղ ու ոչ մեկ անգամ են նշել ՌԴ ԱԳՆ-ում:
Տիգրան Գրիգորյան - Բավականին անլուրջ մոտեցում, զավեշտալի է մտածել, որ 100 անզեն դիտորդները կարող են փոխարինել ռուսական հսկայական ռազմական ներկայությունը, որ կա տարածաշրջանում, և Հայաստանը սա պիտի ցույց տրվի, որ ոչ թե եկել է փոխարինելու ռուսական ռազմական ներկայությունը, այլ համալրել, օգնել կատարել այն ֆունկցիան, որ չի կատարվում Ռուսաստանի կողմից վերջին ամիսներին:
Փորձագետների դիտարկմամբ՝ Ռուսաստանի այդ դիրքավորումը պայմանավորված է հատկապես վերջին շրջանում Ռուսասան-Արևմուտք մրցակցությամբ: Ընդգծում է՝ այդ մրցակցությունը Հարավային Կովկասում ևս ակտիվ է:
Էդմոն Մարուքյան - Արևմուտք -Ռուսաստան սրված հարաբերությունները այստեղ դեր ունեն:
Հակոբ Բադալյան - Հայաստանը եվրամիության հետ այս աշխատանքը կառուցում է ոչ թե ընդդեմ Ռուսաստանի, այլ լրացնելու այն բացերը, վակուումը, որը առաջանում են Ռուսաստանի կարողությունների նվազման հետևանքով, որոնք առաջանում են այլ գործոններով, կարծում եմ՝ սա պիտի լինի աշխատանքի հիմքում Ռուսաստանի հետ:
Առաքելության՝ Հայաստան ժամանելուց 1 օր անց ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հեռախոսազրույցի ընթացքում ևս հայտնել է ռուսական կողմի դժգոհությունը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ տվյալ նախաձեռնության շուրջ Բաքվի և Երևանի միջև կոնսենսուս չկա։
Ռուսաստանի կողմից այդ հանգամանքի ակտիվ շրջանառությունը ոչ այլ ինչ է, քան սեփական դիրքորոշումը հիմնավորելու փորձ:
Էդմոն Մարուքյան - Եվրամիությունը Ադրբեջանից հարցնելու բան չունի, քանի որ այն ԵՄ անդամ չէ, և ՀՀ-ն իր սուվերեն տարածք է հրավիրել քաղաքացիական առաքելությանը, և անդադար ասել՝ Ադրբեջանի կարծիքը հաշվի չի առնվել, անհասկանալի է, առաքելությունն իր մանդատի շրջանակում գործելու է: Մյուս տարընթերումները, մանիպուլյացիոն ձևակերպումները պետք է նվազագույնի հասցնենք, չի կարող առաքելությունը կոնստրուկտիվ դեր չունենալ:
Տիգրան Գրիգորյան (Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ) - Այս դեպքում Ադրբեջանի դիրքորոշումը պարզապես օգտագործվում էր, բայց Ադրբեջանի դիրքորոշումը փոխվել է վերջին ամսում: Եթե 1 ամիս առաջ հայտարարում էր՝ Եվրամիությունը կասկածի տակ է դնում իր միջնորդական դերը, ապա Մյունխենից հետո երևում է, որ Ադրբեջանը դիտորդների ներկայությանը ոչ միայն որպես փաստ է վերաբերվում, այլ դեմ չէ ԵՄ միջնորդական առաքելությանը, ավելին՝ նշում է Ալիևը, որ կողմ են այդ միջնորդությանը:
Դիտորդների ներկայությամբ Ադրբեջանի կողմից նոր էսկալացիաները չեն բացառվում, բայց կարող է բարձրացնել Ադրբեջանի համար այդ էսկալացիայի գինը: Միջազգային կառույցներն ևս այսուհետ չեն առաջնորդվի անուղղակի փաստերով:
Տիգրան Գրիգորյան - Այս պարագայում ի դեմս դիտորդների՝ Եվրամիությունը, ԱՄՆ-ն, այլ կառույցներ կունենան աչքեր գետնի վրա:
Ադրբեջանական սադրանքների համար կլինեն անաչառ զեկույցներ, որոնք կանխարգելիչ դեր կարող են ունենալ:
Առաքելությունը քաղաքացիական է, դիտորդները՝ անզեն, հետևաբար անվտանգություն ապահովել չեն կարողանա, բայց իրենց ներկայությամբ սադրանքների հավանականությունը գուցե նվազի՝ կարծում են փորձագետները
Թե ստացված արձանագրումները հետագայում միջազգային կառույցների կողմից ինչ արձագանքի կարժանանան՝ կարևոր հարցերից մեկն է:
Հակոբ Բադալյան - Այդ առաքելությունը ինչպիսի իրավաքաղաքական մեխանիզմներ է մշակելու, եթե Ադրբեջանը գնում է նոր սադրանքի, հարց է նաև երկամսյա առաքելությունը ինչ եզրահանգումների է եկել, ինչ որոշումներ է կայացրել, քանի որ արձանագրվել է փաստ, եթե արձանագրվել է, որ Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածքում, որոնք են լինելու գործնական քայլերը:
Այս հարցերի պատասխանները կախված են բազմաթիվ գործոններից, այդ թվում ՝ թե ինչ արդյունավետությամբ կգործի հայաստանյան քաղաքացիական առաքելութունը: Փորձագետների դիտարկմամբ՝ Եվրամիության հետ հայկական կողմի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը հենց նշված հարցերի հստակեցումը պետք է լինի:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան