Ռազմիկ Ալավերդյան (վարորդ) - Էն վախտ Ծովագյուղի մեջով էր ճամփեն, հմի շատ լավ ա, ահագին կրճատել ա:
Հայաստանի միջպետական ու հանրապետական ճանապարհներին այս պահին կա 7 թունել, որոնցից 3-ը՝ Դիլիջանի, Պուշկինի և Նալբանդի թունելները, որպես առանձին պահպանման ռազմավարական օբյեկտներ, շահագործում է «Ճանապարհային դեպարտամենտը», իրականացվում է 24-ժամյա հսկողություն: Վանաձորից Ալավերդի ճանապարհին գտնվող 3 թունելները արդեն նորոգվել են: Իրան գնացող միջպետական Մ-2 մայրուղու վրա՝ Կապանին մոտ գտնվող փոքր թունելը կնորոգվի այս տարի:
Դիլիջանի թունելը շահագործվել է 2003-ի նոյեմբերին, իսկ կառուցումը սկսվել է դեռևս 70-ականներից: 2.3 կմ երկարությամբ թունելը ունի կարևոր նշանակություն: Այն կրճատում է Դիլիջանի 19 ոլորաններից 13-ը՝ Սեմյոնովկայի լեռնանցքի՝ երթևեկության համար ամենավտանգավոր ճանապարհահատվածը:
Փետրվարի 16-ի Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի պատկերավոր դիտարկումը թունելների կառուցումը պատասխանատուների համար առաջնահերթություն դարձրեց:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Պետք է բերենք ամենաժամանակակից տեսքի: Այլ երկրներում որ թունել ես մտնում, Թումանյանի ասած՝ կարծես լիս աշխարհ ես ընկնում, իսկ մեզ մոտ ոնց որ քավարանի վերջին էտապը լինի:
Լոռու մարզի Պուշկինի թունելի կառուցումը ևս սկսվել է խորհրդային տարիներին և շարունակվել անկախության շրջանում: Դիլիջանի ու Պուշկինի թունելների վերակառուցման համար նախագծման մրցույթը հայտարարված է: «Ճանապարհային դեպարտամենտի» տնօրենի խոսքով՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի նորոգումից գումար է խնայվել: Մոտ մեկ մլն դոլար արժողությամբ նախագիծը պատվիրվել է այդ գումարով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Առաջիկա 1 ամսում հաղթող ընկերության հետ կկնքվի պայմանագիրը՝ նախագծման համար տալով 6 ամիս ժամկետ:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Աշնանը կարող ենք խոսել թունելի հիմնանորոգման ծավալների մասին: Ընդհանուր բոլոր ենթակառուցվածքները գտնվում են շատ վատ վիճակում՝ ջրահեռացման, օդափոխության, լուսավորության:
Տարածքի տաքսու վարորդը Դիլիջանի թունելից ամենաշատ օգտվողներից է, խնդիրներից առաջինը նշում է լուսավորությունը:
Ռազմիկ Ալավերդյան - Մոմ ա վառվում թունելի մեջ, մոմի լույս ա վառվում թունելի մեջ, լույս չկա:
Ըստ Ավետիսյանի՝ վերջին 4 տարում որոշ աշխատանքներ արվել են, փորձել են լուծել խնդիրը, հոսանքի հին լարերը, սակայն, թույլ չեն տվել թունելում ուժեղացնել լուսավորությունը: Տարբեր պատահարներից վնասվել են թունելի ենթակառուցվածքները: 2018-ին բեռնատարում բռնկված հրդեհից շարքից դուրս է եկել Դիլիջանի թունելի օդափոխության համակարգը:
Գոռ Ավետիսյան - Նորագույն տեխնոլոգիաներով ենք ուզում զինենք՝ թե՛ օդափոխության, թե՛ տեսահսկման, թե՛ անվտանգության տարրերով, հնարավոր է նաև թունելի որոշ հատվածներ փոխարինվեն նոր կոնստրուկցիաներով, այսինքն՝ գոյություն ունեցող կոնստրուկցիաները, որոնք հատված ունենք բետոնե կամ մետաղական, եթե նոր չափանիշներին չբավարարեն, ստիպված կլինենք փոխել կոնստրուկցիաները:
Պուշկինի թունելի լուսավորության, օդափոխության, ջրահեռացման համակարգերն ավելի վատ վիճակում են: Ավետիսյանի խոսքով՝ 2 կմ-անոց թունելը կարգի բերելու համար տարիներով ներդրումներ չեն իրականացվել: Սպիտակից Գյումրի ճանապարհին՝ Նալբանդի 870 մ թունելը անհամեմատ բարվոք վիճակում է, կնորոգվի բյուջեի միջոցներով: Շուտով կհայտարարվի նաև այս թունելի նախագծման մրցույթը:
Արտյոմ Խումհարյան (Նալբանդի թունելի սպասարկման և պահպանման տեղամասի պետ) - Ասֆալտն արվել ա 2003-ին, մինչև հիմա մի հատ փոս չկա թունելի մեջ, ժամանակին կատարում ենք ճաքալցումները, ջրահեռացումը: Ամենակարևոր խնդիրներից մեկը, որ թունել մտնող, դուրս եկող ճանապարհը պտի ունենա թեքություն, որ ձմռանը անիվների հետ ձյունը անիվների հետ չմտնի, մտավ թունել, արև չկա, սառցընմ ա: Եթե ինձ հարցնեն, նախագծողին կհուշեմ նման բաներ:
«Ճանապարհային դեպարտամենտի» տնօրենի խոսքով՝ Դիլիջանի և Պուշկինի թունելների վերակառուցման համար ևս ֆինանսավորման խնդիր չկա:
Գոռ Ավետիսյան - Խնդիր է դրվել ունենալ միջազգային չափորոշիչներով թունել, որը կարող ենք ունենալ թե՛ պետական բյուջեով, թե՛ Ասիական զարգացման բանկի միջոցներով: Տեղական ընկերությունները, չունենալով ներուժը, ունենք լուրջ խնդիր մասնագետների, որոշում է կայացվել միջազգային մրցույթ կազմակերպել: Վարչապետի հանձնարարականը եղել էր դեռևս անցած տարեսկզբին՝ կապիտալ նորոգել այս երկուսը: Համագործակցելով Ասիական բանկի հետ՝ կարողացանք արագ մրցույթներ իրականացնել:
3 թունելների արդիականացմանը զուգահեռ, Հյուսիս-հարավ ծրագրով Հայաստանը կառուցում է նոր թունելներ, որոնց ընդհանուր երկարությունը՝ Սիսիանից Ագարակ կլինի 22 կմ: Նախագիծը պատրաստ է, շինարարության մրցույթները՝ ընթացքում: Քաջարանի հատվածում կկառուցվի 9, Քաջարան-Ագարակում՝ 8,7, Մեղրիի լեռնանցքը շրջանցող՝ 7 կմ-անոց թունել: Շինարարության համար կծախսվի 700-800 մլն դոլար:
Գոռ Ավետիսյան - Մեկ թունելի կառուցումն արժե՝ 1 կմ թունելը նոր կառուցելը, կախված երկարությունից, ենթակառուցվածքից տատանվում է 30-40 մլն դոլարի սահմանում:
Նոր թունելի կառուցման դժվարությունները լավ գիտի Վիլիկ Խեչիկյանը: Դեռ 70-ականներից է այստեղ աշխատում: Ասում է՝ սարը կտրելու աշխատանքն այնքան բարդ էր, որ ամիսը 10 մետր էին առաջանում: Հողի հոսքը դժվարացնում էր գործը:
Վիլիկ Խեչիկյան (Դիլիջանի թունելը սպասարկող «Բարեշեն տանիք» ընկերության աշխատակից) - Էնքան էր հզոր գալիս, որ 25 տ մեխանիզմը բրթում, հանում էր: Այլազգիներն ավելի շատ էին, համարյա հայ չկար՝ ուկրաինացի, թաթարներ, ռուսներ:
Ակնկալիքն է՝ ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան թունելներ. անվտանգության ապահովման համար կկառուցվեն թունելների լրացուցիչ ելքեր, կմեկուսացվեն ասֆալտբետոնն ու ներկերը քայքայող գրունտային ջրերը: Թունելները կվերակառուցվեն 1-2 տարում, իսկ նոր՝ 22 կմ երկարությամբ թունելների շարքը՝ շինարարության մեկնարկից հետո պատրաստ կլինի 6 տարում:
Հայկ Լաբոյան (Դիլիջանի թունելը սպասարկող «Բարեշեն տանիք» ընկերության տնօրեն) - Ասում ա՝ թունելի վերջում լույսը երևում ա, թունելը դա կարևոր ա, էլի: