Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզության աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում է:
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Դավթյանը առաջին տեղով է հաղթահարել հենացատկի որակավորումը՝ վաստակելով 14.949 միավոր և դուրս գալով եզրափակիչ։
Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը։
Երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը հաղթահարել էր նժույգթափեր վարժության որակավորման փուլը՝ վաստակելով 15.000 միավոր և երրորդ տեղով դուրս գալով եզրափակիչ: Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը հաջող էին հանդես եկել օղակների վրա վարժությունում՝ վաստակելով, համապատասխանաբար, 14.533 և 14.500 միավոր: Ավետիսյանը 5-րդ, իսկ Դավթյանը 6-րդ տեղով էր դուրս եկել եզրափակիչ:
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։