Այս տարվա հունվարից մինչև փետրվարի սկիզբ ծառայողական գործունեության ընթացքում 29 պարեկային ծառայող է տուժել: Միջամտել են նրանց գործողություններին, վնասել գույքը, անգամ բռնություն գործադրել պարեկային ծառայողի նկատմամբ: Այս դեպքերով 2023-ին 9 քրեական վարույթ է նախաձեռնվել: Ընդհանուր առմամբ, այս պահին քրեական հետապնդման է ենթարկվում 20 անձ, որից 5-ը՝ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի, իսկ 15-ը՝ բռնություն գործադրելու համար։
Գառնիկ Մաթևոսյան (Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ) - Քաղաքացիների մոտ ստեղծվել է կարծիք, թե պարեկային ոստիկանության ծառայողները զբաղվում են բացառապես տրանսպորտային միջոցներ վարող անձանց կողմից երթևեկության կանոնները խախտելու դեպքերով, սակայն մենք բոլորս քաջ գիտակցում ենք և տեսնում ենք՝ ամենօրյա ռեժիմով պարեկային ծառայության աշխատակիցները միջոցներ են ձեռնարկում հանցագործությունները կանխելու, ինչպես նաև հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:
Արաբկիրի քննչականի պետը վերջին դեպքերից մեկն է ներկայացնում, երբ օգնություն կարիք ունեցող կնոջը և նրան ուղեկցող տղամարդուն պարեկային ծառայողներն իրենց մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Բուժօգնություն ստանալուց հետո, քաղաքացիները պահանջել են, որ պարեկային ծառայողներն իրենց մեկ այլ բժշկական կենտրոն տանեն, իսկ հետո գերեզմանատուն, մերժում ստանալով՝ սկսել են վիճել պարեկային ծառայողների հետ:
Գառնիկ Մաթևոսյան - Նշված քաղաքացիները իրենց պահել են ոչ ադեկվատ. նախ` հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին, բռնություն են գործադրել, հարվածել են ոստիկաններից մեկին, ուղեկցող անձը, ով գտնվել է ոչ սթափ վիճակում, ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Արաբկիրի բաժին:
Այս գործով անցնող տղամարդը կալանավորվել է: Մեկ այլ դեպքով էլ պարեկները ճանապարհի երթևեկելի գոտում երկու քաղաքացուց պահանջել են դուրս գալ մայթեզր: Ոստիկանների օրինական պահանջը չի կատարվել, պարեկային ծառայողները ստիպված են եղել քաղաքացիներին հրելով հանել երթևեկելի մասից:
Մխիթար Բաղդասարյան (Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ) - Ոստիկանության ծառայողները, նշված քաղաքացիների վրայից ալկոհոլի հոտ զգալով, վերջիններիս նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով փորձել են տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին, ավտոմեքենա են նստեցրել քաղաքացիներից մեկին, սակայն այդ ընթացքում նշված հատվածում հավաքված մոտ 20՝ ինքնությունը չպարզված անձինք շրջապատել են պարեկային ոստիկանության ավտոմեքենան:
Նրանց հաջողվել է իրավապահների մեքենայի դուռը բացել, որից հետո քաղաքացին, փորձելով փախուստի դիմել, հարվածել է պարեկային ծառայողներից մեկին: Քաղաքացին տնային կալանքի տակ է, վճարել է 1 մլն դրամ գրավ:
Պարեկների օրինական պահանջին չենթարկվելու, գործունեությանը միջամտելու, բռնություն գործադրելու և գույքը ոչնչացնելու համար նախատեսվում է մինչև 5-10 տարի ժամկետով ազատազրկում:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան