ԱԼԻԵՎՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Ստամբուլում փակ ռեժիմով տեղի է ունեցել Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղության օրակարգի վերաբերյալ։
Կողմերը քննարկել են նաև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ գործակցության հեռանկարներն ու հարաբերությունների հետագա խորացումը։ Ալիևը ցավակցություն և համերաշխություն է հայտնել Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հետևանքների կապակցությամբ: Էրդողանը շնորհակալություն է հայտնել և նշել, որ Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են աջակցել իրար բոլոր հարցերում:
ՆՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը տեղեկացրել է, որ փետրվարի 6-ի երկրաշարժից հետո երկրում միջինը երեք րոպեն մեկ նոր ցնցում է գրանցվում: Ընդհանուր առմամբ արձանագրվել է 9470 հետցնցում։
Փետրվարի 6-ի երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 44.000 մարդ, աղետի գոտուց տարհանվել է 500.000-ից ավելի մարդ։ Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարարը տեղեկացրել է, որ երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով ավերված տների տեղում սկսել են կառուցել նորերը:
Տեղական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ այսօր ձերբակալվել է Գազիանթեփ նահանգի Նուրդաղի բնակավայրի քաղաքապետը, որտեղ երկրաշարժերից հետո գրեթե բոլոր շինությունները փլվել են: Ընդհանուր առմամբ, Գազիանթեփում անբարեխիղճ շինարարության մեղադրանքով 22 մարդ բերման է ենթարկվել։
ԵՄ-Ն ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ Է ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ 10-ՐԴ ՓԱԹԵԹԸ
Եվրամիության խորհուրդը փետրվարի 25-ին հայտարարություն է տարածել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի ընդունման վերաբերյալ:
Նշվում է, որ նոր պատժամիջոցներն արգելքներ են սահմանում կարևոր տեխնոլոգիաների և արդյունաբերական ապրանքների արտահանման համար, ինչպիսիք են Էլեկտրոնիկան, մասնագիտացված տրանսպորտային միջոցները, մեքենաների մասերը, բեռնատարների և ռեակտիվ շարժիչների պահեստամասերը, ինչպես նաև շինարարական ապրանքները, որոնք կարող են ուղարկվել ռուս զինվորականներին:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն իր հերթին հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթում ներառվել է 121 ֆիզիկական և իրավաբանական անձ:
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնել դիվանագիտական ճանապարհով։
«Ուկրաինայում խաղաղ կարգավորման հիմնական խոչընդոտն այն է, որ Վոլոդիմիր Զելենսկին 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ընդունած հրամանագրով ամրագրել է Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների անհնարինությունը: Բանակցությունները նաև անհնար են, քանի որ Կիևը պահանջում է դուրս բերել ռուսական զորքերը ռուսական նոր տարածքներից՝ Դոնբասից, Ղրիմից, Զապորոժիեից և Խերսոնից»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան էլ Համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում վստահեցրել է՝ Ռուսաստանը երբեք չի ցանկացել ոչնչացնել Ուկրաինան:
«Բազմիցս հայտարարել ենք՝ պատրաստ ենք քննարկել՝ ինչպես կարող ենք իրականացնել ռազմական գործողության նպատակները խաղաղ ճանապարհով: Այլ հարցեր մենք չենք քննարկի»,- հավելել է ռուս դիվանագետը:
ՄԱԿՐՈՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ ՉԻՆԱՍՏԱՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է ապրիլի սկզբին այցելել Չինաստան։
«Պեկինն այժմ պետք է օգնի մեզ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որ վերջինս միջուկային և քիմիական զենք չօգտագործի, ինչպես նաև դադարեցնի ագրեսիան մինչև բանակցությունների սկիզբը»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում խաղաղությունն անհնար է առանց ռուսական զորքերի դուրսբերման և Ուկրաինայի ինքնիշխանության պահպանման:
ՄՈԼԴՈՎԱՆ ՌԴ-ԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԶՈՐՔԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻՑ
Մոլդովայի փոխվարչապետ, արտգործնախարար Նիկու Պոպեսկուն Մոսկվային կոչ է արել դուրս բերել զինվորականներին Մերձդնեստրից: Նա «սադրիչ» է անվանել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը Մերձդնեստրի նկատմամբ ծրագրվող ռազմական սադրանքի մասին:
Պոպեսկուն նաև հերքել է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե Մերձդնեստրի մոտակայքում Ուկրաինայի զինված ուժերի և ռազմական տեխնիկայի զգալի կուտակումներ են նկատվում:
«Այդ հայտարարություններն անհիմն են, նպատակը հասարակությանը սադրելն է»,- նշել է փոխվարչապետը:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստվում է հարձակվել Մերձդնեստրի վրա: Այդ հայտարարությունը հերքել է նաև Ուկրաինայի նախագահը:
Վոլոդիմիր Զելենսկին ընդգծել է, որ զորքեր չեն մտցնի Մերձդնեստրի տարածք, քանի որ այն համարում են Մոլդովայի մաս: