Հայաստանից խաղողի հիմքով գինու արտահանումն ավելացել է մոտ 50 %-ով: Հայ գինեգործների համար նախընտրելի շուկան մնում է Ռուսաստանը: Դեպի այդ երկիր է ուղղվում Հայաստանից արտահանվող գինիների մոտ 80 տոկոսը:
Զարուհի Մուրադյան (Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն) - Ռուսաստանի շուկան մեզ համար կարևորագույն շուկա է, և տարբեր միջոցառումներ իրականացնելով՝ մենք ուրույն տեղ ենք գրավում այդ շուկայում, և կարծում եմ, որ շարունակելով ակտիվ լինել այս շուկայում՝ մենք ավելի բարձր արդյունքներ կունենանք:
Հայ գինեգործներն իրենց արտադրանքը ռուսաստանցի գործընկերներին ու սպառողներին ներկայացնելու հնարավորություն են ստացել Մոսկվայում փետրվարի 6-10-ը տեղի ունեցած «Պրոդէքսպո» ցուցահանդեսին: Հայաստանի միասնական տաղավարում այս տարի ներկայացված է եղել 21 ընկերություն: Գինու արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող «Գրեգորիան» ընկերության հիմնադիր Սևակ Գրիգորյանը նշում է՝ ռուսական շուկայում դեռ գործընկերներ չունեն, բայց ցուցահանդեսի ընթացքում կարևոր կապեր են հաստատել:
Սևակ Գրիգորյան (գինեգործ) - Հետաքրքրությունները հայկական գինիների նկատմամբ շատ մեծ էր, անգամ անսպասելի: 20-ից ավելի ներկրող հետաքրքրվել է, գներ է հարցրել, կոնտակտներով ենք փոխանակվել ու հիմա բանակցությունների մեջ ենք:
Ընկերությունն ակտիվ գործունեություն է ծավալում 2 տարի: Արտահանման ծավալներին զուգահեռ նախատեսում են ընդլայնել նաև արտադրական հզորությունները: Գինի են մատակարարում Լեհաստան, Նիդերլանդներ, նախկին Խորհրդային միության որոշ երկրներ:
Սևակ Գրիգորյան - Սկզբից քիչ էր, մոտավոր 2000 շշի կարգի էր, բայց այս տարիների ընթացքում մոտավոր 20 հազար շշի է հասել:
Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշում է՝ Հայաստանից գինու արտահանման ծավալների աճի ավելի մեծ պոտենցիալ կա, սակայն արտադրողները դեռ չեն հասցնում բավարարել արտերկրի սպառողների պահանջարկը:
Զարուհի Մուրադյան - Եթե 2018 թվականին ունեինք ընդամենը 25 գինեգործական ընկերություն, ապա 22-ին՝ 150 ընկերություն ունենք գրանցված, որոնք գինեգործությամբ են զբաղվում, և շուտով, կարծում եմ, մենք կկարողանանք նաև քանակապես ապահովել մեր դիրքերը մեզ համար հետաքրքիր շուկաներում:
Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը շարունակում է աշխատանքը նաև նռան գինու ազգային ապրանքանիշ ստեղծելու ուղղությամբ: Շուտով Հայաստանն աշխարհին կներկայանա նռան գինի արտադրող երկրի բրենդով:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան