Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է դատարանի որոշմանը, որով Հայաստանի կողմից հակահետևակային ականների տեղակայումը միջանկյալ միջոցի կիրառման հիմք չէ: Բաքուն հայտարարում է, թե «դա ըստ էության որոշում չէ. Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստանին պատասխանատվության ենթարկելու համար»: Ադրբեջանական քարոզչամեքենան էլ սկսել է աղավաղված ներկայացնել Հաագայի դատարանի որոշումները, խեղաթյուրել դրանց բովանդակությունը՝ այդ կերպ կոծկելով իր ձախողումը և հող նախապատրաստելով պարտավորությունների իրականացումից խուսափելու համար: Մինչդեռ, Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ, դատարանի՝ Հայաստանի պահանջը բավարարող և Ադրբեջանինը մերժող որոշումները ոչ միայն իրավական, այլև քաղաքական կարևորություն ունեն: Մարուքյանը պարզաբանում է` արձանագրվել է, որ Լաչինի միջանցքը փակ է, Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, և որ այս ամենն արվում է էթնիկ զտումների համար:
Էդմոն Մարուքյան (Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան) - Դատարանը նաև ճանաչել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, նաև կառուցել է իր որոշման հայտարարությունն այդ հիմքի վրա, միջազգային իրավունքի հիմքի վրա, և սա նշանակում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արձանագրված մի շարք իրողություններ նույնպես ճանաչված են դատարանի կողմից, այսինքն` ԼՂ միավոր, շփման գիծ, խաղաղապահ զորակազմ, Լաչինի միջանցք, որը պետք է անխափան գործի: Այս բոլոր կառուցակարգերն, ըստ էության, վերահաստատվել են դատարանի կողմից:
Փետրվարի 22-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների` երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանի որոշումը ենթակա է պարտադիր կատարման միջազգային իրավունքի տեսանկյունից: Մարուքյանն ակնկալում է, որ դատարանի որոշմանը կհաջորդեն միջազգային ճնշումները: Լաչինի միջանցքի ապաշրջափակումը միջազգային դերակատարները պետք է ի գիտություն ընդունեն: Եվրամիությունը, Ֆրանսիայի, Նիդերլանդների արտգործնախարարությունները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն արձագանքել են միջազգային դատական բարձր ատյանի որոշմանը և կրկին կոչ արել Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին` երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, անդրադարձել Հաագայի դատարանի որոշմանը:
Մարուքյանի խոսքով՝ Հայաստանը միջազգային հանրության հետ պետք է շարունակի իր աշխատանքը և Ադրբեջանին ստիպի կատարել ստանձնած պարտավորությունները:
Էդմոն Մարուքյան - Եթե մինչ այդ Ադրբեջանը կարողանում էր ասել, որ միջանցքը փակ չէ, օրինակ, որ հայկական կողմն ականներ է անցկացրել Լաչինի միջանցքով և խախտել Լաչինի միջանցքի ռեժիմը, հիմա մենք ունենք անաչառ մարմնի, այն է` ՄԱԿ-ի արդարադատության դատարանի միջազգային իրավունքի բարձր մեխանիզմի որոշում, որ նախ՝ ականների հետ Ադրբեջանի ձևակերպումները կեղծիք են, որովհետև մերժվել է Ադրբեջանի միջանկյալ որոշման վերաբերյալ պահանջի դիմումը, և մյուսը, որ Լաչինի միջանցքը փակ է:
Ըստ «Իրավունքի Եվրոպա» միավորման ավագ խորհրդատու Տիգրան Եգորյանի՝ եթե մեր ներպետական ատյանների կայացրած դատական ակտերը նման դեպքերում կարող են լուծվել ընդհուպ մինչև ֆիզիկական ուժի կիրառմամբ, ապա Հաագայի դատական ակտի կատարումն այդ ամենը չի ենթադրում, քանի որ միջազգային իրավունքում կատարման նման եղանակներ չկան:
Տիգրան Եգորյան («Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ խորհրդատու) - ՄԱԿ-ի դատարանը կամ Եվրոպական դատարանը չի կարող զրահատեխնիկայով ապահովել իր ակտի կատարումը: Սա ենթադրում է արդեն ֆինանսական, տնտեսական, քաղաքական գործիքակազմերի, ճնշումների, սանկցիաների միջոցով հարկադրանքի միջոցներ, որոնք այլ են, քան ֆիզիկական ուժի հարկադրանքը: Տարածաշրջանային պրոյեկտների և բազմաթիվ այլ` աշխարհում հայտնի, ըստ էության լայնորեն կիրառվող, տարբեր երկրների նկատմամբ որպես պատժամիջոցներ կիրառվող գործիքների մասին պետք է խոսենք, այդ գործիքների բանեցման ուղղությամբ աշխատենք, զարգացնենք մեր քաղաքականությունն ու դիվանագիտությունը:
Դատական բարձր ատյանի որոշումն, ըստ Եգորյանի, հայկական կողմին ընձեռում է կարևոր գործիքակազմ՝ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումներ գեներացնելու համար: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է այդ ճնշումների միջոցով Ադրբեջանին պարտադրել, որ կատարի դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտավորությունը՝ Լաչինի միջանցքի անխափան գործունեության ապահովումը: