«Անհրաժեշտ վերլուծությունների իրականացում և «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակում» գործընթացի շրջանակում Հայաստանում են միջազգային փորձագետները: Երեք օր նրանք շրջել են «Սևան» ազգային պարկում՝ տեսնելու այն խնդիրները, որոնց պետք է անդրադառնան կառավարման պլանում:
Միխայել Հոշեկ (բնապահպանության միջազգային փորձագետ) - Մենք ուսումնասիրեցինք լճի բոլոր հատվածները, արձանագրեցինք բոլոր խնդիրները: Կարևոր է նշել, որ լիճը շատ զգայուն է, և այն իր վրա կրում է կլիմայի փոփոխության բոլոր բացասական ազդեցությունները: Գլխավոր խնդիրներից է ջրի որակը, որովհետև ջրի մաքրման համակարգը բացակայում է:
Մասնագետն ասում է՝ տարբեր երկրներում իրենց ունեցած դրական փորձը կկիրառեն Հայաստանում՝ հաշվի առնելով տարածքի առանձնահատկությունները: «Սևան» ազգային պարկի տարածքում տարիներ առաջ հայտնաբերվել էր սոճիների անհայտ ծագման հիվանդություն, որի տարածումը շարունակվում է մինչև այսօր: Վարակված ծառերը չորանում են, անկում:
Արեգ Կարապետյան («Սևան» ազգային պարկի կառավարման նոր պլանը մշակող թիմի ներկայացուցիչ) - Առհասարակ, մեր ամբողջ հանրապետությունում դիտվում են նույն հիվանդության նշանները, և ավելին ասեմ՝ դա առավել գլոբալ խնդիր է, ներկայումս շատ գիտական կենտրոններ են աշխարհում այդ ուղղությամբ աշխատանքներ տանում: Հետևապես «Սևան» ազգային պարկի կառավարման պլանում ներառել աշխատանքներ, որոնք խնդրին լուծում կտան, իրատեսական չէ, այնուամենայնիվ, առանձին ծրագրերի միջոցով տրվում են լոկալ լուծումներ:
«Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակումը սկսվել է նախորդ տարվա կեսին՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի աջակցությամբ:
Աստղիկ Դանիելյան («Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող) - 2023 թվականին կամփոփվի ամբողջ կառավարման պլանը, կունենանք արդեն վերջնական տարբերակը՝ քննարկված համապատասխան շահագրգիռ կողմերի հետ, և փոխհամաձայնեցված կհանձնվի համապատասխանաբար ՇՄՆ՝ հետագա տնօրինման և հետագա քայլեր նախատեսելու տեսանկյունից:
Ներկայումս ավարտվել է վերլուծությունների փուլը, իրականացվել է բնակլիմայական պայմանների նկարագրություն, ուսումնասիրվել է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վիճակը:
Արեգ Կարապետյան - Ունենալով ամբողջական պատկերը թե՛ բնակլիմայական պայմանների և թե՛ սոցիալ-տնտեսական նկարագրի՝ մենք արդեն կարող ենք, ի վիճակի ենք առանձնացնել պահպանության թիրախներ առաջիկա 5 տարվա համար, որը կլինի կառավարման պլանի կորիզը:
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագիրը համատեղ ֆինանսավորում են Եվրոպական Միությունն ու Գերմանիայի տնտեսական գործակցության և զարգացման նախարարությունը:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան