Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը խմած վարելու կամ վարելու ընթացքում ծխախոտ օգտագործելու խնդիրը շարունակում է մնալ չլուծված: Հայաստանում միայն նախորդ տարի 17 մարդ զրկվել է վարորդական վկայականից հասարակական տրանսպորտը և տաքսին ոչ սթափ վիճակում վարելու պատճառով:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ վեց ամիս ժամկետով:
Օրեր առաջ պարեկները ծառայության ընթացքում նկատել էին, որ Երևանի 77 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ի վարորդը ավտոմեքենան վարում է անկանոն։
Պարզվեց՝ 69-ամյա տղամարդը հարբած է եղել:
Էդգար Այվազյան («ԱՆԳԵԼ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի տնօրեն) - Դիսպետչերը ճանապարհել է երթուղին՝ նորմալ, սթափ վիճակում վարորդին, զանգահարել են ինձ, ասել են, որ Աբովյան պուրակում մեքենան կանգնեցրել են: Կապվեցի հետը, ասացի՝ ի՞նչ է եղել, Միշա, ինչի՞ ես խմած, բա՝ Էդգար ջան, ատամներս հանել եմ, ողողում եմ արել, ասում եմ՝ ո՞վ ա քեզ ասել, որ դու օղիով պետք է ողողում անես, նստես ղեկին:
Սա երթուղին սպասարկող ընկերության պարզաբանումն է, ոստիկանությունը պնդում է՝ վարորդը եղել է ոչ սթափ վիճակում: Տրանսպորտը կանգնեցնելու պահին սրահում 12 ուղևոր է եղել: Վարորդը զրկվել է վարելու իրավունքից և կորցրել աշխատանքը:
Արտակ Գաբոյան («Ճանապարհային երթևեկության անվտանգության և վերահսկողության» ՀԿ անդամ) -
Ամենակարևորը, որ վերաբերում է վարորդների աշխատանքի ամբողջ փուլին, վերահսկողության բացակայությունն է: Բազմիցս լսել եմ դեպքեր, որ մարդիկ, որոնք բնակվում են երթուղիների հենց «կոնեցների» մոտ, արձանագրում են՝ ամեն առավոտ վարորդները հավաքվում են, մի-մի բաժակ խմում, նոր մտնում երթուղի:
Նախորդ տարի հասարակական տրանսպորտի 82 վարորդ էլ տուգանվել է ղեկին ծխելու համար:
Արտակ Գաբոյան - Սոցիալական գովազդների մեթոդներով պետք է քաղաքացիների հետ աշխատեն: Իմ պրակտիկայում շատ-շատ է եղել, երբ վարորդից պահանջում եմ չծխել, ու մյուս ուղևորները շրջվում են իմ դեմ, փորձում են արդարացնել վարորդին՝ իբր ծանր աշխատանք է:
Նշենք, որ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ՝ նաև տուգանային 1 միավորի կիրառում:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան