Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն ներկայացված հաղորդման հիման վրա կատարված քրեադատավարական ստուգման արդյունքում պարզվել է, որ 2022թ. սեպտեմբեր ամսում Արցախի անվտանգության խորհրդի պաշտոնատար անձը, համաձայնություն ձեռք բերելով առևտրային կազմակերպության ղեկավարի հետ, առանց ապրանք մատակարարելու մտադրության կազմել են անվտանգության խորհրդի գրասենյակին ապրանքներ մատակարարելու վերաբերյալ ակնհայտ կեղծ հաշիվ-ապրանքագիր, դրա հիման վրա պետական բյուջեից առևտրային կազմակերպությանը փոխանցվել է 26 000 000 ՀՀ դրամ, որից 25 000 000 դրամը կանխիկացվել ու յուրացման եղանակով հափշտակվել է՝ այդ կերպ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Նկարագրված դեպքի առթիվ 23.02.2023 թ. ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 197-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, իրականացվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: