ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կյանքի կկոչվեն: Անտոնիու Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունում նշվում է, որ գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնք ընդունվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև վարույթում։ Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վստահությունը Արդարադատության միջազգային դատարանին, որոնք խնդրել էին լուծել իրենց տարաձայնությունները: Գուտերեշը հիշեցրել է, որ դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար, և հույս է հայտնել, որ կողմերը կկատարեն իրենց պարտականությունները՝ ներառյալ Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելը։ Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատել իրենց երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
ԼԱՉԻՆԻ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՆՀԱՊԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Փետրվարի 17-19-ը Հայաստան այցից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողների հայտարարությունում ևս նշվում է, որ Լաչինի միջանցքում իրավիճակն անհապաղ գործողություններ է պահանջում
«Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող ազատ դուրս գալ այնտեղից. 954 մարդ դեռ մնացել է միջանցքի երկու կողմում։ Այս միջանցքով թույլատրվում է տեղաշարժվել միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահների մեքենաներին, ինչն ակնհայտորեն բավարար չէ բնակչության կարիքների համար։
Ավելին, կենսական նշանակություն ունի, որ ապրանքները ժամանակին հասցվեն ցանքի սեզոնին։ Բոլոր տրանսպորտային միջոցների ազատ երթևեկությունը պետք է շտապ վերականգնվի՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»:
Բացի դրանից՝ ըստ ԵԽԽՎ համազեկուցողների, Լեռնային Ղարաբաղի գազի և էլեկտրամատակարարման բազմակի ընդհատումները հանգեցրել են բնակիչների իրավունքների լուրջ խախտումների. բազմաթիվ մարդիկ արդեն կորցրել են աշխատանքը, իսկ երեխաները զրկված են կրթությունից, քանի որ դպրոցները ստիպված փակվել են։
«Մենք հրավիրում ենք Վեհաժողովի բոլոր անդամներին՝ այս իրավիճակը հասցնել իրենց ազգային խորհրդարանների ուշադրությանը և միանալ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը անհապաղ դադարեցնելու մեր կոչին»:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԻ ԼԱՉԻՆՈՎ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺԸ. ԳԴՀ ԱԳՆ
Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովելու պահանջով հանդես է եկել նաև Գերմանիայի արտգործնախարարությունը: Հայտարարությունում նշվում է, որ «Միջազգային դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշում է կայացրել, և կարևոր է, որ պարտադիր իրավական կարգը կյանքի կոչվի, ու Ադրբեջանն ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը»: