Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են՝ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի գլխավորությամբ փետրվարի 16-ին և 17-ին ամփոփել են Արարատի և Սյունիքի մարզերի դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները։
Գևորգ Բաղդասարյանին են ներկայացվել մարզերում գրանցված հանցավորության վիճակը, հանցագործություններին նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները։
Արարատի մարզի դատախազ Ռաֆայել Մանուկյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականին մարզում գրանցվել է հանցագործության 2 հազար 167 դեպք (2021 թվականին՝ 1922 դեպք)։ Մարզում արձանագրվել է նաև սպանության երկու դեպք (2021 թվականին՝ յոթ դեպք)։ Մարզի դատախազի խոսքով՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են. 2022 թվականին արձանագրվել է 808 դեպք (2021 թվականին՝ 815 դեպք)։ Նվազել են ավազակության, գողության դեպքերը, սակայն 21 դեպքով աճել են բնակարանային գողությունները՝ կազմելով 76 դեպք (2021 թվականին արձանագրվել է 55 դեպք)։ Մարզում 2022 թվականին աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը՝ կազմելով 83 դեպք (2021 թվականին արձանագրվել է 77 դեպք):
Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանի տեղեկացմամբ 2022 թվականի ընթացքում Սյունիքի մարզում արձանագրվել է հանցագործությունների դեպքերի աճ՝ կազմելով 977 (2021 թվականին՝ 896 դեպք)։ 2022 թվականին 45 դեպքով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի քանակը՝ կազմելով 206 (2021 թվականին՝ 161), միջին ծանրության դեպքերի քանակը՝ կազմելով 299 (2021 թվականին՝ 213 դեպք)։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 323 դեպք է արձանագրվել (2021 թվականին՝ 317)։ Բնակարանային գողությունների դեպքերն աճել են, նվազել են խարդախության, ավազակության, կողոպուտի դեպքերը։
Մարզի դատախազ Մասիս Պողոսյանը նշել է, որ 2022 թվականին արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 24 դեպք, (2021 թվականին՝ 32 դեպք), այդ թվում՝ իրացման 10 դեպք։
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի գլխավորությամբ ամփոփվել են նաև Երևան քաղաքի Շենգավիթ ու Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների 2022 թվականի գործունեության արդյունքները։
Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանի խոսքով՝ 2022 թվականին արձանագրվել է հանցագործության 2 հազար 406 դեպք (2021 թվականին՝ 1942)։ Աճել են առանձնապես ծանր հանցագործությունները՝ կազմելով 86 դեպք (2021 թվականին՝ 35)։ Վարչական շրջանում արձանագրվել է ծանր հանցագործությունների 337 դեպք (2021 թվականին՝ 293), միջին ծանրության հանցագործությունների 555 դեպք (2021 թվականին՝ 438)։ Շենգավիթում նվազել են բնակարանային գողության դեպքերը։ Գևորգ Գևորգյանի տեղեկացմամբ` 2022 թվականին արձանագրվել է թմրամիջոոցների ապօրինի շրջանառության 106 դեպք (2021 թվականին՝ 77)։ Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում 2022 թվականի ընթացքում ուսումնասիրվել է առերևույթ կոռուպցիոն բնույքի հանցանքի մասին 11 հաղորդում. իննով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնակատար Ժորա Թովմասյանի խոսքով՝ 2022 թվականին վարչական շրջանում հանցագործություններն աճել են՝ կազմելով 2 հազար 212 դեպք (2021 թվականին՝ 1507)։ 2022 թվականին արձանագրվել է ծանր հանցագործությունների դեպքերի աճ՝ կազմելով 245 (2021 թվականին՝ 203), առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 56 դեպքով՝ կազմելով 64 դեպք։
Ժորա Թովմասյանի տեղեկացմամբ՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները 2021 թվականի համեմատ աճել են 109-ով՝ կազմելով 274 դեպք։ 2022 թվականին արձանագրվել է նաև սեփականւթյան դեմ ուղղված հանցագործությունների աճ՝ կազմելով 972 դեպք (2021 թվականին՝ 912)։
Վարչական շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը ևս աճել են՝ կազմելով 90 դեպք (2021 թվականին՝ 46)։ Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով արձանագրվել է 5 դեպք (2021թվականին՝ 22):
Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը մարզերի և վարչական շրջանների դատախազներին հանձնարարել է հետևողական լինել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նկատմամբ, հետևել նշանակված փորձաքննությունների կատարման ժամկետներին, ինչպես նաև ակտիվացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը: