Թուրքիայի արևելյան հատվածում երեկ երեկոյան նոր երկրաշարժ է գրանցվել` 4,7 մագնիտուդ հզորությամբ: Երկրի արտակարգ իրավիճակների հարցերով վարչությունը հայտնել է, որ էպիկենտրոնը գտնվել է Սըվաս քաղաքի մոտակայքում: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Մալաթիայում նույնպես 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Փետրվարի 6-ի երկրաշարժերից հետևանքով զոհվել է ավելի քան 44 000 մարդ, աղետի գոտուց տարհանվել է 500 000-ից ավելի մարդ։ Մինչ օրս գրանցվել է 9136 հետցնցում։
Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարարը տեղեկացրել է, որ երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով ավերված տների տեղում սկսել են նորերը կառուցել:
ԱՄՆ-Ը ԿԻԵՎԻՆ F-16 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ. ԲԱՅԴԵՆ
ԱՄՆ նախագահը որոշում է կայացրել 50 միլիոն դոլար հատկացնել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերից տուժածներին օգնելու համար՝ ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Ջո Բայդենը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը Կիևին F-16 կործանիչներ դեռևս չի տրամադրի, քանի որ Ուկրաինային դրանք հարկավոր չեն:
«Ուկրաինային այժմ տանկեր, հրետանի և հակաօդային պաշտպանություն է պետք: Այդ ամենն ուղարկվում է, որ նրանք կարողանան հաջողության հասնել գարնանը, ամռանը և վաղ աշնանը»,- նշել է Բայդենը:
Ավելի վաղ՝ Ուկրաինային F-16-երի հնարավոր մատակարարմանն է անդրադարձել նաև Վոլոդիմիր Զելենսկին.
«Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի հետ պայմանավորվածություններ կան։ Մեր օդաչուները կսովորեն աշխատել F-16-երի հետ: Բանակցություններ ենք անցկացնում եվրոպական երեք պետության հետ։ Կկարողանանք ձեռք բերել այդ ինքնաթիռները»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Տեղի է ունեցել Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցը: Ռեջեփ Էրդողանը և Վոլոդիմիր Զելենսկին քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը և Թուրքիայում երկրաշարժերից հետո ստեղծված իրավիճակը: Թուրքիայի նախագահը վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ ներդրում ունենալու խաղաղության հաստատման և հրադադարի ու երկխոսության հիման վրա հակամարտության կարգավորման գործում։
Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ բավականին լավ քննարկում է անցկացրել Էրդողանի հետ, նա նաև նշել է, որ չի մասնակցի Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցություններին, որոնք ցանկանում է կազմակերպել Էրդողանը։
«Մենք դեռ պատերազմից առաջ ասացինք՝ Վլադիմիր Պուտինին կանչեք բանակցությունների սեղանի շուրջ, չի կարելի լայնածավալ պատերազմ թույլ տալ: Չկարողացան դա անել: Հիմա մենք չենք ուզում։ Նա այն մարդը չէ, ում հետ կարելի է խոսել»,- ասել է Զելենսկին։
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի նախագահի հետ: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Ռեջեփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել երկրաշարժերի հետևանքների վերացման հարցում Ռուսաստանի աջակցության համար: Կողմերը քննարկել են նաև ռուս-թուրքական գործակցության հետ կապված հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում: Անդրադարձ է եղել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։ Թուրքական կողմի տվյալով՝ Էրդողանն ընդգծել է արդար խաղաղության հասնելու անհրաժեշտությունը՝ կանխելու մարդկային կորուստներն ու ավերածությունները:
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնել դիվանագիտական ճանապարհով։ «Ուկրաինայում խաղաղ կարգավորման հիմնական խոչընդոտն այն է, որ Վոլոդիմիր Զելենսկին 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ընդունած հրամանագրով ամրագրել է Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների անհնարինությունը: Բանակցությունները նաև անհնար են, քանի որ Կիևը պահանջում է դուրս բերել ռուսական զորքերը ռուսական նոր տարածքներից՝ Դոնբասից, Ղրիմից, Զապորոժիեից և Խերսոնից»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան էլ Համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում վստահեցրել է՝ Ռուսաստանը երբեք չի ցանկացել ոչնչացնել Ուկրաինան:
«Բազմիցս հայտարարել ենք՝ պատրաստ ենք քննարկել՝ ինչպես կարող ենք իրականացնել ռազմական գործողության նպատակները խաղաղ ճանապարհով: Այլ հարցեր մենք չենք քննարկի»,- հավելել է ռուս դիվանագետը:
ԵՄ-Ն ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ Է ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ 10-ՐԴ ՓԱԹԵԹԸ
Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը՝ հայտնել է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը։
Նոր սահմանափակումները ներառում են, մասնավորապես, երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման ավելի խիստ արգելքներ, պատերազմին աջակցող, քարոզչությամբ զբաղվող կամ անօդաչու թռչող սարքեր մատակարարող անհատների և կազմակերպությունների դեմ թիրախային միջոցներ: Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ Խորհրդի կողմից հաստատվելուց հետո: