3 տարածաշրջանի 36 երկրում ՀՆԱ-ի միասնական աճի կանխատեսումը նվազել է. պատճառները՝ գազի բարձր գինը և պահպանվող գնաճն են: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հրապարակել է «Տարածաշրջանային տնտեսության հեռանկարներ» թարմացված զեկույցը: Կանխատեսման համաձայն՝ 2023-ին բանկի գործունեության տարածաշրջաններում տնտեսությունը կաճի 2.1 տոկոսով, նախորդ տարվա սեպտեմբերի կանխատեսման համեմատ՝ 0,9 տոկոսով պակաս: ՎԶԵԲ-ի գործունեության 36 երկրի կեսից ավելիում աճի կանխատեսումներն իջեցվել են.
Վիլեն Խաչատրյան (ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ) - ՎԶԵԲ-ը ըստ տարածաշրջանների է նաև իր կանխատեսումներն իրականացնում՝ դրանք են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը, որտեղ աճի միտումները 23 թվականին կհասնեն մինչև 4,9 տոկոս, իսկ 24-ին 5,4, ինչ վերաբերում է Կենտրոնական Եվրոպային և Բալթյան պետություններին, ապա այստեղ անկում է իրականում սպասվում 2023-ին, որը կկազմի 0,6 տոկոս, եթե դիտարկում ենք 2022-ը, ապա այստեղ 4 տոկոսանոց աճ կա:
Զեկույցում նշվում է, որ Արևելյան Եվրոպան առանց Ուկրաինայի և Կովկասը 2022 թվականին գերազանցեցին սպասելիքները՝ շնորհիվ Հայաստանում և Վրաստանում գրանցված բարձր աճի։
Վիլեն Խաչատրյան - 2022 թվականի գնահատականների համեմատությունը ցույց է տալիս, որ 13,5 տոկոս Հայաստանի, 9,9 տոկոս Վրաստանի աճը, այն գործոնն է հանդիսացել, որը կարողացել է տարածաշրջանին աճ բերել: Նախկինում կար այսպիսի ձևակերպում՝ կոչվում էին Կովկասյան վագրեր կամ Կովկասյան վագր, այս տարվա կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ Կովկասյան վագրը հանդիսանում է Հայաստանը:
Ըստ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ պատահական չէ, որ հենց Հայաստանն ու Վրաստանն են ամենաակտիվը եղել, քանի որ նախորդ տարի նաև համատեղ գործակցությունն է լուրջ արդյունք տվել:
Շիրակ Թորոսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Հայաստանն ու Վրաստանը տնտեսական գործակցության առումով երբեք մեծ թվերով աչքի չեն ընկել, բայց մենք պետք է դիտարկենք 2022 թվականը, որը շատ տպավորիչ թիվ էր, շուրջ 1 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն, այդպիսի բան հայ-վրացական գործակցության ոլորտում չէր եղել:
Վիլեն Խաչատրյանը նշում է՝ Հայաստանը ԵԱՏՄ-ում ևս նախորդ տարի առաջատարն է եղել աճի տեմպով: ՎԶԵԲ-ի կանխատեսումների համաձայն՝ 2023-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 4, իսկ 2024 թվականին՝ 4,8 տոկոս։
Վիլեն Խաչատրյան - 4 տոկոս աճը ևս կարելի է դիտարկել որպես ոչ այնքան բացասական և բարձր աճի բազայի վրա հաջորդ տարին ապահոված կրկին էլի նորմալ աճ:
Կառավարությունը թիրախավորել է 7 տոկոս աճ և եթե ֆորսմաժորներ չլինեն, ըստ պատգամավորի՝ սպասումները գերազանցելու գործում պետական ծրագրերն իրենց նպաստը կբերեն:
Շիրակ Թորոսյան - 2022-ի համար համաշխարհային գնահատականները Հայաստանի տնտեսական աճի հետ կապված 7-8 տոկոսի շեմը չէին գերազանցում, մինչդեռ մենք 14 տոկոսից ավելի տնտեսական աճ ունեցանք, 12 տոկոսից ավելի ՀՆԱ-ի աճ և այսպիսի ընթացիկ տեմպը իհարկե, շատ բարդ կլինի պահելը, բայց 03:27 «Եթե չլինի ֆորսմաժորային իրավիճակ իմ կարծիքով 2023-ը ևս բավականին տպավորիչ աճ կլինի:
ՎԶԵԲ-ը 2024 թվականի համար իր գործունեության տարածաշրջաններում կանխատեսում է 3,3 տոկոս աճ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան