Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ հյուրընկալել են Համաշխարհային բանկի քաղաքաշինության և աղետների ռիսկի կառավարման ծրագրեր իրականացնող թիմի ներկայացուցիչներին:
Կողմերն ամփոփել են համատեղ իրականացված նախաձեռնությունները և դիտարկել համագործակցությունը շարունակելու հնարավոր ուղղությունները: Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կարևորել է Համաշխարհային բանկի արհեստավարժ մասնագետների թիմի հետ արդյունավետ աշխատանքը, որի արդյունքում մշակվել են շենքերի էներգաարդյունավետությանը վերաբերող նորմերը, և մեկնարկել է էներգաաուդիտի ուղղությամբ գործակցությունը:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հետաքրքրվածությունն են ցուցաբերել այն միջոցառումների նկատմամբ, որոնք կոմիտեն իրականացնում է՝ ՀՀ Կառավարության ծրագրի և քաղաքաշինության ոլորտի ռազմավարության համաձայն: Միաժամանակ պատրաստակամություն են հայտնել՝ դիտարկելու դրանց իրագործմանն աջակցելու հնարավոր ուղիները:
Հանդիպման արդյունքում նախանշվել է կոմիտե - ՀԲ գործակցության օրակարգը, որն առավելապես կառնչվի բնակարանային ֆոնդի արդիականացմանը և շենքերի անձնագրավորմանը: Կկազմակերպվի ևս մեկ քննարկում՝ հստակեցված ուղղությունների առավել մանրամասն ուսումնասիրման նպատակով: