Շրջափակված Արցախին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տրամադրած 100 տոննա մարդասիրական օգնության 60 տոննան Ստեփանակերտում է՝ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության պահեստում: Մարդասիրական աջակցությունը Գորիսից Արցախ է տեղափոխել ռուսական խաղաղապահ զորակազմը:
Գագիկ Նազլուխանյան (Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալ) - Նախարարությունը կազմակերպում է բեռների ընդունման, պահեստավորման և ըստ չափաքանակների տեսակավորման աշխատանքները, և, այն ավարտելուց հետո, ըստ փուլերի իրականացվում է բաշխում սոցիալական առանձին խմբերի միջև:
Այս փուլում մարդասիրական օգնությունը տրամադրվում է 4 և ավելի երեխա ունեցող, հաշմանդամություն ունեցող, զոհված և անհետ կորած ազատամարտիկների, պատերազմի վետերանների ընտանիքներին և նախարարություն դիմած անապահով ընտանիքներին: Սոցաշխատողները գնում ու կարիքի գնահատում են իրականացնում տեղում:
Գագիկ Նազլուխանյան - Հաջորդ փուլերում նախատեսվում է աջակցությունը տրամադրել ավելի մեծ խմբերի՝ ընդլայնել աջակցության շրջանակը:
Արձագանքելով համացանցում տարածվող լուրերին՝ Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարը վստահեցնում է՝ Ստեփանակերտ հասած մարդասիրական օգնությունը չի վաճառվում: Արմեն Մանգասարյանը շեշտում է՝ սննդամթերքը, որ քաղաքացիներն առևտրի կետերում գնում են կտրոնով, մատակարարվում է պետպահուստից և որևէ առնչություն չունի օգնության հետ:
Արմեն Մանգասարյան (Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար) - Յուրաքանչյուր թեկուզ կիլոգրամի տեղը նախարարությունը գիտի, և այդ շահառուները, նրանք, ովքեր ստացել են, միանշանակ ստորագրում և ստանում են: Ցանկացած դեպքում այդ տվյալները կարող ենք ներկայացնել այն համապատասխան մարմիններին, որոնք կցանկանան ստուգում իրականացնել:
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հաշվետվություն է ներկայացնում բոլոր բարերարներին ու կազմակերպություններին: Տեղեկատվական բազաներ ստեղծելով՝ կբացառեն աջակցությունից կրկնակի օգտվելու դեպքերը:
Արմեն Մանգասարյան - Անձի տվյալների գաղտնիությունը հաշվի առնելով՝ չենք թվարկել, թե ում ենք տրամադրել, ուղղակի խումբն ենք ներկայացնում և քանակը, թե ինչքան ենք տրամադրել: Դա նրանց միանշանակ բավարարում է:
Արցախի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում նաև մարդասիրական աջակցության մյուս մասը Ստեփանակերտ տեղափոխելու ուղղությամբ: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով գործընթացը դժվարությամբ է առաջ գնում: