Արցախի նախագահի հրամանագրով Ռուբեն Վարդանյանն ազատվել է պետական նախարարի պաշտոնից: Կառավարությունում ընդլայնված խորհրդակցությանն Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետնախարարի պարտականությունները ստանձնելու առաջարկ է արել Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: Նա ներկայացրել է նաև Վարդանյանին պաշտոնից ազատելու պատճառները:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Գիտակցելով Արցախի ու մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը և Արցախը զարգացնելու և առաջիկա մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ լինելն ապահովելու փոխարեն մեր բոլորիս և պետության, առանց փակագծեր բացելու, բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից:
ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ԻՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարությունյանը հայտարարել է՝ պատրաստ են Ադրբեջանի հետ երկխոսության և հակամարտության կարգավորման, սակայն ունեն հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնք բխում են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներից, կենսական շահերից ու պահանջմունքներից: Արցախի նախագահի դիտարկմամբ` առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել կայուն ու փոխվստահելի միջավայր՝ բացառելով սադրանքները, ուժի կիրառման դեպքերը և հոգեբանական բռնության դրսևորումները:
Արայիկ Հարությունյան - Շրջափակումը պետք է վերացվի, և Արցախը պետք է ունենա անխափան ու անսահմանափակ ցամաքային հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության հետ՝ առանց ադրբեջանական կողմի որևէ ներգրավվածության. նրանց մասնակցության միակ ձևը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պարտաճանաչ կատարումն է, որի ընթացքում Ադրբեջանը պետք է երաշխավորի երթևեկության անվտանգությունը, զերծ մնա խոչընդոտներ հարուցելուց: Պետք է երաշխավորել նաև ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող՝ Հայաստանից Արցախ եկող կենսական ենթակառուցվածքների անվտանգությունը և բնականոն աշխատանքը՝ լրիվությամբ վերականգնելով գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը և բացառելով դրանց խափանման նոր դեպքերը: Կարևոր է շեշտադրել, որ այդ ենթակառուցվածքների խափանման պատճառով, ինչպես նշեցի, Սարսանգի ջրամբարի ջրային պաշարները կտրուկ նվազել են, ինչը գարնանն ու ամռանը լրջագույն ճգնաժամ է ստեղծելու հենց ադրբեջանցի հողագործների համար, քանի որ բավարար ջրային պաշար չի լինելու տասնյակ հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համար:
Պաշտոնական երկխոսությունը կարող է կայանալ միջազգային համապատասխան ձևաչափի շրջանակներում, որը կարող է լինել փոխընդունելի սկզբունքների, միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, ներառյալ՝ իրավահավասարությունը, նշել է Արցախի նախագահը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Ադրբեջանը չի կարող միջամտել արցախյան պատվիրակության կազմի ձևավորմանը: Հստակ ձևակերպել է նաև իրենց դիրքորոշումը՝ շեշտելով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը սակարկման ենթակա չէ:
Արայիկ Հարությունյան - Արցախը երբեք չի հրաժարվելու իր ինքնիշխանությունից, և չի կարող որևէ խոսք լինել հարևան Ադրբեջանի հետ ինտեգրացիայի մասին: Սա կամակոր որոշում կամ դիրքորոշում չէ, այն հիմնված է բացառապես արցախահայության՝ սեփական հայրենիքում մեր ժողովրդի ինքնորոշման, անվտանգ ու ազատ ապրելու իրավունքի, բացարձակ հայատյացության վրա հիմնված ադրբեջանական համակարգային քաղաքականությամբ պայմանավորված գոյաբանական լրջագույն վտանգների կանխման անհրաժեշտությունի վրա, Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի միջազգային ճանաչումն ու պաշտպանության տրամաբանությունից դուրս որևէ այլ գործընթաց կամ լուծում մեր կողմից անընդունելի է, քանի որ անկասկած տանելու է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ բնաջնջմանը:
Պետք է ապահովել ՄԱԿ-ի կառույցների ներկայությունն Արցախում, նշել է Հարությունյանը՝ փաստելով, որ Արցախը աշխարհում միակ չճանաչված պետությունն է, որը չունի ոչ մի միջազգային ներգրավվածություն, չի ստանում նույնիսկ միջազգային հումանիտար աջակցություն` բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խիստ սահմանափակ առաքելության: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մինչև հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորումը ստատուս քվոն պետք է անշեղորեն պահպանվի, իսկ խախտողները ենթարկվեն միջազգային ամենակոշտ արձագանքի ու պատասխանատվության: