Ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման պետական աջակցության ծրագիրն իրականացվել է խախտումներով: Պետական վերահսկողական ծառայությունը հայտնաբերել է մոտ 132,4 մլն դրամի խախտում: Մի դրվագով՝ առավելագույն փոխհատուցման գումար ստանալու նպատակով ծրագրի շահառուները Էկոնոմիկայի նախարարությանն են ներկայացրել քաղաքացիների հետ կնքված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, վճարումների տրամադրման ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր:
Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար) - Իսկությունը, հավաստիությունը և օրինականությունը պարզելուց հետո միայն պետք է Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք ընդունեն այդ գործընթացները իրենց մշտադիտարկման ներքո և փոխհատուցումները տրամադրեն տվյալ շահառուներին, ձեռներեցներին՝ այս պարագայում:
Մեկ այլ դեպքում շահառուները ներկայացրել են քաղաքացիների հետ կնքված պայմանագրեր, որոնք ձևակերպված չեն եղել հարկային մարմիններում, չեն հաշվարկվել և պետական բյուջե չեն փոխանցվել հարկեր:
Ռոմանոս Պետրոսյան - Իրենք չեն գրանցել տվյալ աշխատակիցներին՝ առաջինը, երկրորդը՝ տվյալ փաստաթղթավորումը պետական գրանցում չի ստացել, ինչի հիման վրա պետք է գեներացնեին որոշակի հարկեր, այդ թվում` եկամտային հարկ, սոցիալական վճարներ և այլն, այսինքն՝ դասական ապօրինի ձեռնարկատիրության դրվագների հետ գործ ունենք:
Ծրագրի շահառուները նաև ներկայացրել են ծախսերը հիմնավորող ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր, որոնք տրվել են նմանատիպ գործունեություն չվարող կամ իրենց հետ մերձավոր ազգակցությամբ կապված տնտեսվարողների կողմից:
Ռոմանոս Պետրոսյան - Ես կարող եմ վստահություն հայտնել, որ եթե հավուր պատշաճի մոնիթորինգի և վերահսկողական գործառույթներ իրականացվեին, ապա գուցեև նման դեպքեր շատ քիչ ունենայինք կամ չունենայինք իսպառ: Մենք, բնականաբար, չենք կարող ասել, որ 19-22 թվականների ծրագրի իրականացման ողջ ընթացքում ունենք ընդամենը 132.4 միլիոն դրամի առերևույթ խախտումներ, այսինքն՝ երեք դրվագներով են այդ փաստերը վերհանվել:
Արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են Հայաստանի գլխավոր դատախազություն:
ՀՀ գլխավոր դատախազություն.
«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե: Քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ»:
Էկոնոմիկայի նախարարությունը արդյունավետ է համարում կառավարության 2019 և 2021 թվականներին հաստատված ծրագիրը, որով արդեն հանրապետությունում հիմնվել են շուրջ 3940 հեկտար ինտենսիվ պտղատու այգի և հատապտղանոց:
Ինչ վերաբերում է խախտումներին, ապա նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետի պարզաբանմամբ՝ տնտեսվարողները ներկայացնում են իսկությունը հավաստող երկկողմ ստորագրած պայմանագրեր, հանձնման-ընդունման ակտեր և բանկային փոխանցման անդորրագրեր ու ստացականներ:
Տարոն Մարտիրոսյան (ՀՀ ԷՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ) - Իսկ ստորագրությունների ոչ հավաստի լինելը, կարծում եմ, արդեն պետական այլ մարմիների իրավասությունն է, և նման դեպքերում ԷՆ-ն չի վարանում, հաստատ կդիմի պետական այլ մարմինների:
ՊՎԾ-ն նաև Պետական եկամուտների կոմիտե է ուղարկել միջնորդություններ մի շարք քաղաքացիների նկատմամբ չգրանցված աշխատուժի շահագործման և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանգամանքը պարզելու նպատակով: ՊԵԿ-ը նյութերը տրամադրել է Քննչական կոմիտեին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան