Աշխատանքային օրենսգրքի նախագիծը խորհդարանական լսումների օրակարգում է. 120-ից ավելի հոդված է փոխվում կամ լրացվում: Փոփոխություններն ընդունելու դեպքում գործատուն այլևս չի կարող կենսաթոշակային տարիքի լրանալու հիմքով ազատել աշխատանքից, ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Աշխատանքային օրենսգրքում ամրագրված է, որ գործատուն կենսաթոշակային տարիքի անցած քաղաքացու հետ անորոշ ժամանակով պայմանագիր չի կարող կնքել, նախագծով այս հնարավորությունը սահմանել են:
Խորհրդարանական լսումներին երկու տասնյակից ավելի մասնակիցներ կան, ոմանք փոփոխություններում լուրջ խնդիրներ տեսան, օրինակ՝ կենսաթոշակի տարիքը աշխատանքից ազատման հիմքն օրենքից հանելու հետ կապված:
Միհրան Արշակյան (իրավաբան) - Կանաչ լույս ենք տալիս ծերությանը և կարմիր լույս ենք տալիս երիտասարդությանը: Դեպքեր ունենք, երբ քաղաքացին ճոճվելով աշխատանքի է գալիս, բայց ինքը ցանկություն չունի հեռանալու, այստեղ ոտնահարվում են նաև գործատուի իրավունքները:
Փոխնախարարը համակարծիք չէ գնահատականի հետ, նա բացատրեց փոփոխությունների պատճառը:
Ռուբեն Սարգսյան - Հաշվի առնելով դեմոգրաֆիական վիճակը Հայաստանում և կանխատեսումները, հաշվի առնելով աշխատուժի պակասը, որն առկա է գործատուների մոտ:
Օրենքում մի շարք փոփոխություններ են առաջարկվում մինչև 18 տարեկան անձանց աշխատանքին վերաբերող կարգավորումներում:
Ռուբեն Սարգսյան - Օրինակ՝ 12-15 տարեկան երեխաները կաշխատեն օրական մինչև 4 ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան 12 ժամ: 15-16 տարեկան երեխաները կաշխատեն շաբաթական մինչև 24 ժամ: Եվս մեկ անգամ շեշտադրվել է պարտադիր կրթության համար սահմանված ժամանակից դուրս աշխատանքային գործառույթներ իրականացնելը, և հստակեցվել է, թե ինչով չեն կարող զբաղվել երեխաները:
Օրենսգրքում նոր հոդված է ավելացել՝ ուսանողը ինքը կարող է ընտրել ուսումնական պրակտիկա անցնելու ընկերությունը:
Ռուբեն Սարգսյան - Տևողությունը մինչև երկու ամիս է, յուրաքանչյուր գործատուի մոտ մեկ անգամ կարող է անցնել, տվյալ գործատուի մոտ իր աշխատողների թվի 10 տոկոսից ավելի չի կարող լինել, այսինքն՝ առնվազն 10 հոգի աշխատող պետք է ունենա, որ կարողանան մի հոգի ընդգրկի, շաբաթական 5 օր և 4 ժամից ոչ ավելի:
Նախագծում ամրագրվել է աշխատանքային հարաբերություններում բռնություն կամ ոտնձգություն հասկացությունը, սեռական ոտնձգության արգելքը: Սարգսյանը կարևորեց նաև նախապատվության իրավունքը, երբ հաստիքի կրճատման ժամանակ որոշվում է, թե ով պետք է շարունակի աշխատանքը:
Ռուբեն Սարգսյան - Աշխատանքում մնալու նախապատվություն, իրավունք է սահմանվել հաշմանդամություն, կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև ֆունկցիոնալ խոր աստիճանի սահմանափակման, կենսաթոշակի անցած, ստացող նախկին զիծառայողների կամ զոհված, անհայտ բացակայող ընտանիքի անդամի:
Հանգստի իրավունքին վերաբերող փոփոխություններն էլ շատ են: Գործող օրենքով, եթե աշխատողը արձակուրդ գնալու դիմում չի ներկայացնում, ապա գործատուն որևէ լիազորություն չունի մարդուն արձակուրդ ուղարկելու: Առաջարկվում է սահմանել՝ եթե աշխատողը 2.5 տարի անընդմեջ արձակուրդի դիմում չի ներկայացնում, ապա գործատուն իրավունք է ստանում աշխատողին իր հայեցողությամբ ուղարկել արձակուրդի:
Ռուբեն Սարգսյան - Բացի սրանից, եթե գործատուն աշխատողին իր դիմումի համաձայն չի տրամադրում արձակուրդ, ապա նախատեսվում է տուգանք աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0.15 տոկոսի չափով:
Գործող կարգավորումներով՝ աշխատանքի անցելուց միայն 6 ամիս հետո արձակուրդ գնալու իրավունք կա: Փոխնախարարի գնահատմամբ՝ այդ մեխանիզմը ճկունացրել են՝ հնարավորություն տալով հարցը աշխատող-գործատու հայեցողությամբ կարգավորել: Աշխատատեղը պահելով՝ անձը կարող է ուսում ստանալու համար 2 ամիս չվճարվող արձակուրդ վերցնել: Օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները վստահեցրին, որ սա դեռ նախագծի վերջնական տեսքը չէ, և քննարկումները կշարունակվեն:
Հեղինակ՝ Անի Օհանյան