ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ-Ն ԱՐԵԼ Է ԱՆՀՆԱՐԻՆԸ. ՌԵԶՆԻԿՈՎ
Այսօր լրանում է ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին: Ուկրաինան ակտիվորեն աշխատում է ապագա հակահարձակման նախապատրաստման ուղղությամբ՝ հայտարարել է պաշտպանության նախարար Ալեքսիյ Ռեզնիկովը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերն արել են անհնարինը: Ռեզնիկովն ընդգծել է, որ Ուկրաինան այժմ թևակոխում է «նոր շրջան նոր առաջադրանքով՝ հաղթել»: Նա մանրամասնել է, որ հաղթանակ ասելով՝ նկատի ունի բոլոր տարածքների ազատագրումը մինչև 1991 թվականն առկա սահմանները և վտանգի վերացումը Ռուսաստանի կողմից։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ Ուկրաինան սպասում է ավելի շատ ու բազմատեսակ զինատեսակներ։ «Լինելու է մեր հակահարձակումը: Մենք աշխատում ենք դրա նախապատրաստման ուղղությամբ»,- հայտարարել է Ալեքսիյ Ռեզնիկովը:
Լեհաստանի պաշտպանության նախարարն էլ այսօր հայտնել է, որ Լեհաստանի կողմից Ուկրաինա ուղակված Leopard տանկերն արդեն տեղում են:
ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԹՈՒԼԱՑՆԵԼ ՌԴ-Ն. ՄԵԴՎԵԴԵՎ
Ռուս-ուկրաինական պատերազմի տարելիցին անդրադարձել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը: Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ մեկ տարի է, ինչ Ռուսաստանի զինված ուժերը վերականգնում են կարգուկանոնը, խաղաղությունն ու արդարությունն ու պաշտպանում ժողովրդին։ Մեդվեդևը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կհաղթի:
«Մենք բոլորս ցանկանում ենք, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է շուտ: Մենք կվերադարձնենք մեր տարածքները և հուսալիորեն կպաշտպանենք մեր ժողովրդին, որը տուժել է ցեղասպանության և գնդակոծությունների հետևանքով»: Հաղթանակից հետո, Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահի կանխատեսմամբ, լինելու են ծանր և նյարդային բանակցություններ, քանի որ իրական բանակցողը ոչ թե Ուկրաինան է կամ Զելենսկին, այլ օվկիանոսից այն կողմ գտնվողները, որոնք, Մեդվեդևի խոսքով, շարունակում են զենք մատակարարել Կիևին: «Մեր երկրի գլխավոր թշնամիների շարժառիթներն ակնհայտ են՝ հնարավորինս թուլացնել Ռուսաստանը։ Ուստի նրանք շահագրգռված չեն հակամարտությունը դադարեցնելու հարցում»,- նշել է Դմիտրի Մեդվեդևը:
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ 2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՏԿԱՑՆԻ ԿԻԵՎԻՆ
Վաշինգտոնը Կիևին 2 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը: Ջեյք Սալիվանը նշել է, որ ԱՄՆ կշարունակի դիտարկել այնպիսի օգնության հնարավորություն, որն անհրաժեշտ է Կիևին՝ մարտի դաշտում հաջողության հասնելու համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանի վրա շարունակական ճնշման ֆոնին աշխարհն ականատես կլինի ռուսական տնտեսության որակի և կարողությունների քայքայման:
ՊԵԿԻՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն անդրադարձել է Ուկրաինայում խաղաղության հաստատման Չինաստանի ծրագրին և ընդգծել, որ ԱՄՆ-ն հրաժարվել է Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության ավարտի տարբերակներ թելադրել:
Ամերիկացի խորհրդականը նշել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտի մասին որոշումը պետք է ընդունեն իրենք՝ ուկրաինացիները։ Ամերիկացի պաշտոնյայի կարծիքով՝ չինական ծրագրում պետք է ուշադրություն դարձնել առաջին կետին՝ երկրների ինքնիշխանության հարգմանը։
Չինաստանն այսօր հրապարակել է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը։ 12 կետից բաղկացած փաստաթղթի առաջին կետում Պեկինը նշում է, որ պետք է հարգել միջազգային իրավունքը և երկրների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքը: Չինաստանը կոչ է անում խուսափել էսկալացիայից և աջակցել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև երկխոսությանը:
ՌԴ ԴԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ՝ «ՅՈԹԻ ԽՄԲԻ» ԵՐԿՐՆԵՐԻՑ
Այսօր սպասվող «Յոթի խմբի» երկրների ղեկավարների վիրտուալ հանդիպման ժամանակ Վաշինգտոնը մտադիր է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հայտարարել: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը տեղեկացրել է, որ առաջնորդները կքննարկեն, թե ինչպես են շարունակելու աջակցել Ուկրաինային և ինչ ճանապարհով են շարունակելու ճնշումը Մոսկվայի նկատմամբ: Խոսնակը նշել է նաև, որ պատժամիջոցներ են նախատեսվելու նաև երրորդ երկրների սուբյեկտների դեմ, որոնք փորձում են շրջանցել Մոսկվայի դեմ արդեն իսկ սահմանված պատժամիջոցները:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՌԴ-Ի ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին: Արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ արգելք է դրվել նաև Ռուսաստան յուրաքանչյուր այնպիսի ապրանքի արտահանման վրա, որոնք օգտագործվել են մարտական գործողությունների անցկացման համար: Պատժամիջոցներ են սահմանվել ռազմական տեխնիկայի արտադրությամբ կամ վերանորոգմամբ զբաղվող ընկերությունների նկատմամբ:
Պատժամիջոցների նոր ցուցակում տեղ են գտել նաև 80 ֆիզիկական անձ: Ուկրաինային շարունակական աջակցության պատրաստակամություն է այսօր հայտնել Մեծ Բրիտանիայի թագավոր Կարլ 3-րդը: Բուքինգհեմյան պալատի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Թագավորությունը իր դաշնակիցների հետ միասին անում է հնարավոր ամեն ինչ ամենադժվար պահին Կիևին օգնելու համար:
ՆԱՏՕ-Ն ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ՆԱՏՕ-ն ավելացնում է օգնությունն Ուկրաինային և կշարունակի դա անել այնքան, որքան պահանջվի՝ հայտարարություն է տարածել Հյուսիսատլանտյան խորհուրդը: ՆԱՏՕ-ն կշարունակի սերտ համակարգումը համապատասխան շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ԵՄ-ի, ինչպես նաև համախոհ երկրների հետ։ ՆԱՏՕ-ի երկրները նաև ընդգծում են, որ «նախկինի նման լի են վճռականությամբ՝ պահպանելու համակարգված միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա»: Փաստաթղթում ասվում է, որ «ՆԱՏՕ-ն զգալիորեն ամրապնդում է զսպման և պաշտպանության իր դիրքերը և նախկինի պես պատրաստ է պաշտպանել դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր դյույմը»: