Սպորտի բնագավառում միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի կիրառման անհրաժեշտությամբ, ինչպես նաև ոլորտին ներկայացվող արդի պահանջներին համապատասխանելու հրամայականով պայմանավորված` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը փոփոխություններ է առաջարկում «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում:
Նախաձեռնությունը պայմանավորված է նաև Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ին հասցեագրված գրությամբ, որում ներկայացված է պահանջ` իրականացնելու փոփոխություններ և լրացումներ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականին ընդունված օրենքի` դոպինգի սահմանման և հակադոպինգային գործունեությանը վերաբերող հոդվածներում:
Դոպինգի նորմերին և կանոններին վերաբերող փոփոխությունների արդյունքում կկատարվեն Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված պարտադիր իրավանորմերին համապատասխանելուն ստանձնած ՀՀ պարտավորությունները:
Նախաձեռնության հեղինակ, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը քննարկվել է համապատասխան կառույցի հետ:
Զեկուցողն ընդգծել է, որ փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն մինչև ապրիլի 1-ը, որպեսզի այս տարի չորակազրկվի մեր մարզիկներից որևէ մեկը:
Նախաձեռնությունը կարևորել են թե՛ պատգամավորները և թե՛ հարակից զեկուցող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 24-ի արտահերթ նիստում և ստացել է դրական եզրակացություն: