Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի 74-րդ հեղինակավոր մրցաշարում հայ բռնցքամարտիկներն առնվազն երկու մեդալ են ապահովել:
67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը քառորդ եզրափակչում պետք է մրցեր Իտալիայի ներկայացուցչի հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով հրաժարվել է մենամարտից, ու Մադոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Ստրանջայի մրցաշարում առայժմ երկրորդ մեդալն ապահովել է գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Մրցաշարի քառորդ եզրափակչում Չալոյանն առավելության է հասել Գերմանիան ներկայացնող Նիկիտա Պուտիլովի նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ։
Եվս 3 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տարել ու դուրս եկել 1/4 եզրափակիչ: Իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել և մեդալի հույսերը պահպանում են Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ) և Համբարձում Հակոբյանը (80 կգ): Գարբոյանը հաղթել է Էկվադորի ներկայացուցիչ Լուիս Դելգադոյին, Բազեյանը ուժեղ է եղել բելառուս Մաքսիմ Պանկուից, իսկ Հակոբյանը հաղթել է ավստրիացի Կիռա Ռուստոնին:
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր էր մեկնել 12 բռնցքամարտիկ՝ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շախպազյանն ու Նարեկ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 63 կգ), Արարատ Հարությունյանն ու Գուրգեն Մադոյանը (երկուսն էլ՝ 67 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
Մրցաշարին, ընդհանուր առմամբ, 38 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ է մասնակցում։
Հայաստանի հավաքականը, նախապատրաստվելով Ստրանջայի մրցաշարին, փետրվարի 10-17-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Օլիմպավանում: Կարեն Աղամալյանի թիմի հետ համատեղ հավաք է անցկացրել նաև Մոլդովայի ընտրանին: