Այսօր լրանում է ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուկրաինացի ժողովրդին ուղղված ուղերձ է հրապարակել՝ բոլորին վստահեցնելով, որ Ուկրաինան հաղթելու է: Նա 2022 թվականը բնութագրեց որպես տոկունության, արիության, ցավի և միասնության տարի։ «Հիմնական եզրակացությունն այն է, որ մենք գոյատևել ենք, մենք չենք պարտվել և ամեն ինչ անելու ենք այս տարի հաղթելու համար»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր չի նախատեսում որևէ ուղերձ: Այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱՐԱԾԵԼ
Ռուս-ուկրաինական պատերազմի տարելիցին ընդառաջ ԵՄ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել: Դրանում ասվում է, որ ուկրաինացի ժողովուրդն այս մեկ տարվա ընթացքում ցույց տվեց աշխարհին, որ Ուկրաինայի ապագան պետք է որոշեն ուկրաինացիները: «Այս ագրեսիան հանցագործություն է խաղաղության դեմ, այն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՄԱԿ-ի սկզբունքները և մարդկության արժեքները»,- ասված է հայտարարության մեջ:
ԵՄ երկրների ղեկավարների գնահատականով՝ Ռուսաստանը համակարգված թիրախավորել է խաղաղ բնակիչներին, ավերել քաղաքներ, հնչեցրել միջուկային սպառնալիքներ, պատերազմի մասին կեղծ պատմություններ տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ երկրերը շարունակելու են աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը լինի: «Ուկրաինան մեր եվրոպական ընտանիքի մաս է, մենք ընդունել ենք Ուկրաինային՝ նրան տրամադրելով թեկնածու երկրի կարգավիճակ»,- հայտարարել են ԵՄ երկրների ղեկավարները:
Եվրոպական կառույցը խոստացել է աջակցել Ուկրաինայի վերականգնմանը և այդ նպատակով «օգտագործել Ռուսաստանի սառեցված ակտիվները՝ ԵՄ օրենսդրության և միջազգային իրավունքի համաձայն»։
ԵՄ ղեկավարները հայտարարել են, որ մտադիր են շարունակել «ուժեղացնել համատեղ ճնշումը Ռուսաստանի վրա՝ ագրեսիան դադարեցնելու համար»: Նրանք մտադիր են սահմանել պատժամիջոցների տասներորդ փաթեթը, և քայլեր ձեռնարկել նրանց դեմ, ովքեր փորձում են շրջանցել Եվրոպական միության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված սահմանափակումները։
ՄԱԿ ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆԵԼ 1 ՏԱՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի հարցով հատուկ նստաշրջանի ընթացքում բանաձև է ընդունել՝ նվիրված Ուկրաինայում ռազմական գործողությունների 1 տարվան: Փաստաթղթին կողմ է քվեարկել 141, դեմ՝ 7 երկիր՝ Ռուսաստան, Բելառուս, Հյուսիսային Կորեա, Մալի, Նիկարագուա, Սիրիա և Էրիթրեա։ Ձեռնպահ է մնացել 32 պատվիրակություն, այդ թվում՝ Հայաստանը, Իրանը, Չինաստանը, Ղազախստանը։
Միաժամանակ, քվեարկության ընթացքում չեն հաստատվել Բելառուսի առաջարկած փոփոխությունները, որոնք նախատեսում էին փաստաթղթից հանել այն դրույթները, ըստ որոնց հակամարտությունը սկսելու պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կարծիք է հայտնել, որ բանաձևը չի նպաստի «Ռուսաստանի և Արևմուտքի միջև մեկ տարի առաջ սրված հակասությունների խաղաղ լուծմանը»։ Նրա բնորոշմամբ՝ փաստաթուղթը միակողմանի է և իրականությունից կտրված։
ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը չունի պարտադիր իրավական ուժ: Այն վերահաստատում է անցյալ տարի Գլխավոր ասամբլեայի պահանջը Մոսկվային՝ դուրս բերել զորքերը և դադարեցնել ռազմական գործողությունները:
ՊԵԿԻՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Չինաստանն այսօր հրապարակել է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը։ 12 կետից բաղկացած փաստաթղթի առաջին կետում Չինաստանը նշում է, որ պետք է հարգել միջազգային իրավունքը և երկրների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքը։ Պեկինը կոչ է անում խուսափել էսկալացիայից և աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությանը:
Ըստ չինական կողմի՝ երկխոսությունն ու բանակցություններն «ուկրաինական ճգնաժամի լուծման միակ ճանապարհն են», Պեկինը բոլոր կողմերին կոչ է անում աջակցել Մոսկվային և Կիևին՝ ուղիղ երկխոսությունը հնարավորինս շուտ վերսկսելու հարցում: Ընդգծվում է, որ համաշխարհային հանրությունը պետք է պայմաններ և հարթակ ստեղծի բանակցությունների վերսկսման համար։ Հայտարարության տեքստում նշվում է, որ պետք է դադարեցվեն միակողմանի պատժամիջոցները, որոնք չեն լուծում ընթացիկ խնդիրները, բայց ստեղծում են նորերը:
ՍԱ ԼԻՆԵԼՈՒ Է ԵՐԿԱՐ, ՁԳՁԳՎՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ. ՕԼԱՖ ՇՈԼՑ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառիկ հարցազրույց է տվել՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին: Նրա խոսքով՝ մեկ տարի անց ճգնաժամի ավարտը չի երևում, ճիշտ հակառակը՝ լարվածությունն ու անորոշությունն աճում են: Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ այս պահին անհնար է մտածել բանակցությունների մասին՝ «Դա իմ ամենամեծ մտահոգություններից մեկն է. սա լինելու է շատ երկար, ձգձգվող պատերազմ՝ անհավատալի ավերածություններով և կորուստներով»: Խոսելով Ուկրաինային տրամադրվող աջակցության մասին՝ Օլաֆ Շոլցն ընդգծել է, որ Բեռլինը Կիևին կաջակցի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ բարոյապես, տնտեսապես, ռազմական առումով:
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴՐՈՇԻ ԳՈՒՅՆԵՐՈՎ
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկամյա տարելիցին ընդառաջ՝ Եվրոպայի ամենահայտնի կառույցները լուսավորվել են Ուկրաինայի դրոշի գույներով: