Երևանում օդի աղտոտվածության մակարդակը շարունակում է նորմայից բարձր մնալ: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում գտնվող հինգ դիտակայանների տվյալները ցույց են տալիս՝ փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդներով ամենահարուստ օդը Կենտրոն վարչական շրջանում է:
Գոհար Հակոբյան (ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի ծառայության պետ) - 18 դիտակայանում, մեր կենտրոնի դիտակայանում ամեն օր գերազանցում ենք ունենում փոշու:
Մասնագետները Երևանի օդի որակը չափում են ամեն օր: Դիտակայաններում 24 ժամ մնացած նմուշները բերում են լաբորատորիա, անցկացնում մի քանի փուլից բաղկացած հետազոտությունը: Արաբկիր վարչական շրջանում, ըստ դիտակայանի տվյալի, օդի աղտոտվածությունը գրեթե միշտ, նորմայի սահմանում է:
Գոհար Հակոբյան - Ունեցել ենք առանձին օրերին գերազանցումներ, բայց մոտ 1.2 անգամ:
Վերջին տարիներին մայրաքաղաքի օդի աղտոտվածության աճին նպաստել են օրեցօր շատացող շինհրապարակների, տրանսպորտի արտանետումները, նշում է Գոհար Հակոբյանը: Տարվա կտրվածքով ամենամաքուր օդը եղել է 2020-ին, երբ կորոնավիրուսի պատճառով սահմանափակված էր քաղաքացիների ու մեքենաների տեղաշարժը:
Գոհար Հակոբյան - Օրինակ՝ 2021 թվականին մթնոլորտային աղտոտվածության ցուցանիշն ընդհանուր 2.15 է եղել, որից 1.15-ը հենց փոշուն է բաժին ընկել, որն արդեն մի փոքր մտահոգիչ է:
2022 թվականի տարեկան ցուցանիշը դեռ հաշվարկված չէ, բայց, մասնագետների համոզմամբ, այն ևս նորմայից բարձր կլինի: Շվեյցարական «Այքյուէյր» կազմակերպության տվյալով՝ Երևանը դեռևս չի դասվում օդի աղտոտվածության վտանգավոր ցուցանիշ ունեցող քաղաքների շարքին: Այս սանդղակում առաջատար են Հնդկաստանի, Ռուսաստանի, Գանայի, Չինաստանի ու Պակիստանի քաղաքները:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան