Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ընդունել է պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը: Այդ մասին «Լուրերի» թղթակցին հայտնել է դատախազության խոսնակը:
Գուրգեն Ներսիսյանն այսօր Ազգային ժողովին է ներկայացրել գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարականի դիմում: Տարածած հայտարարությունում Արցախի Ազգային ժողովի նախագահը նշել է, որ գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, եթե մեկ շաբաթվա ընթացքում նա կրկնում է հրաժարականի դիմումը:
Հիշեցնենք, երեկ հրապարակելով Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը՝ Արցախի նախագահը տեղեկացրել էր, որ Ներսիսյանին է առաջարկել ստանձնել այդ պաշտոնը:
Նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային կառույցների և արտաքին գործերի նախարարության: