Փետրվարի 21-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ մի երիտասարդ մայրաքաղաքի Կենտրոնական գերեզմանատան տարածքում թմրամիջոցով փաթեթներ է տեղադրում։ Իրավապահներն օպերատիվորեն իրացրին ստացված տվյալները։
Նրանք Կենտրոնական գերեզմանատան մուտքի մոտ հայտնաբերեցին «Հոնդա» մակնիշի մի մեքենա։ Վարորդը, նկատելով իրավապահներին, փորձեց փախչել՝ այդ ընթացքում մեքենայից նետելով թմրամիջոցով փաթեթներ։ Քրեական հետախույզները ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխեցին 24-ամյա երևանցուն։
Մեքենայում մեթամֆետամինի նմանվող զանգված կար։ Ձերբակալման պահին փողոց նետած ընդհանուր 60 գրամից ավելի քաշով թմրամիջոցով 31 փաթեթները հայտնաբերվել են։ Երիտասարդը իրավապահներին է ներկայացրել գերեզմանատան տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրած 7 փաթեթ՝ մարիխուանայի և մեթամֆետամինի զանգվածներով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։