Թթվասերին երկու արտադրող բուսական յուղ է խառնել, հայտարարեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Փաստը բացահայտվել է լաբորատոր հետազոտությամբ, ստուգվել է տարբեր ֆիրմաների դեկտեմբերի 19-ի արտադրության 40 անուն կաթնամթերք, մանրամասնում են կառույցից։
Արեգ Հովհաննիսյան (ՄՊՀ անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության պետ) - Երկու տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել ա պատասխանատվության միջոց, դրանք են՝ «Արզնի կաթնամթերք» և «Ապարանի պանրի գործարան» ընկերությունները, որոնց կողմից արտադրված թթվասերում հայտնաբերվել է բուսական յուղ:
Հանձնաժողովը սա որակել է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն։ Երկու ընկերությունն էլ ընդունել է իրավախախտումը, դիմել արագացված վարույթի և տուգանվել՝ «Արզնի կաթը»՝ 457 հազար, «Ապարանի պանրի գործարանը»՝ 623 հազար դրամով։
Ի՞նչ անի սպառողը՝ անորոշ է։ Սննդի շղթայի ռիսկերի մասնագետն ասում է՝ վտանգավո՞ր է, թե՞ ոչ թթվասերի մեջ բուսական յուղի օգտագործումը՝ կախված է կիրառված փոխարինիչից, որը հոտով-համով հնարավոր չէ տարբերակել, անհրաժեշտ է լաբորատոր մեկ այլ ուսումնասիրություն։
Դավիթ Պիպոյան (ՀՀ ԳԱԱ «Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար) - Եթե պարզապես սովորական բուսական յուղ է օգտագործվել, ո՛չ, այս դեպքում վտանգավոր չէ: Բայց եթե կաթնամթերքը պարունակում է արհեստական հիդրոգենացման արդյունքում առաջացած տրանսճարպաթթու, նա ունի խիստ բացասական հանրային առողջության նշանակություն:
Կաթնայուղի փոխարեն այլ հումք օգտագործելու դեպքում «Կաթ-կաթնամթերքի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը պահանջում է ապրանքի վրա հստակ գրել՝ «Կաթ պարունակող մթերք՝ կաթնայուղի փոխարինիչով, արտադրված, ասենք՝ կաթնաշոռի, մածունի կամ թթվասերի տեխնոլոգիայով»։ Որոշ բիզնեսներ տվյալ կետն ապահովելով հանդերձ դարձյալ հաջողացնում են մոլորեցնել սպառողին, վերջերս տուգանված մեկ այլ ընկերության օրինակի վրա ցույց է տալիս Արեգ Հովհաննիսյանը։
Հանձնաժողովից բիզնեսին զգուշացնում են՝ իզուր չփորձեն բնակչությանը խաբելով հարստանալ։ Ֆինանսական հաշվարկներ իրենք էլ ունեն, թե էժան փոխարինիչով ապրանքն անարատ կաթից պատրաստածի անվան տակ վաճառելով արտադրողն ի՞նչ գումարներ կարող է վաստակել։ Տուգանքն այժմ նշանակում են ըստ տվյալ գործունեությունից տնտեսվարողի ստացած հասույթի՝ բացատրում է Տիգրան Մարկոսյանը։
Տիգրան Մարկոսյան (Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ) - Պատասխանատվությունն ըստ օրենքի էնպես է նախատեսված, որ ենթադրվում է, որ ինքն էդ շահույթից պետք է զրկվի ավելի շատ, քան հնարավոր շահույթն է, այլ կերպ ասած՝ այնպես չէ, որ պետք է խախտում անի ու դրանից շահած դուրս գա որևէ կերպ։ Մոտեցումը սա է:
Մարկոսյանի պնդմամբ՝ կաթնամթերք արտադրողները հիմա շատ ավելի օրինապահ են, քան մեկ-երկու տարի առաջ, հիմնականում գրում են, եթե փոշի կամ այլ նյութ են օգտագործում։ Ապացույցը թթվասերի շուկայի վերջին ստուգումն էր, երբ միանգամից մի քանի հարյուր հազար դրամի հսկիչ գնումով զարմացրել են սուպերմարկետներին, իրենք զարմացել ստացած արդյունքով։
Տիգրան Մարկոսյան - Լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ դրանցում ամեն ինչ կարգին է բուսական յուղի կտրվածքով։
- Որտեղ գրված է թթվասեր, դա իրո՞ք թթվասեր է:
- Այո՛, թթվասեր է՝ բուսական յուղի բացակայության իմաստով: