Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հրաժարվել է Ուկրաինայում հակամարտությունը լուծելու վերաբերյալ Չինաստանի առաջարկները դիտարկել որպես խաղաղության ծրագիր։ Նա Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի առաջարկները դիրքորոշման փաստաթուղթ է անվանել: Այդ մասին նա հայտարարել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկի նախօրեին Չինաստանը ներկայացրել է 12 կետից բաղկացած ծրագիր՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Փաստաթղթում Պեկինը պնդում է, որ դադարեցվեն ռազմական գործողությունները, ինչպես նաև վերսկսվեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները: ՉԺՀ-ն նաև կոչ է արել հակամարտող կողմերին հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից։
Ռուսական կողմը ՉԺՀ-ի ծրագիրն անվանել է «շատ հավասարակշռված», մինչդեռ Ուկրաինայում այն անընդունելի են համարել: