Շահագործումից շատ չանցած ճանապարհների բետոնապատնեշների սպիտակ-կապույտ ներկը ձյան, անձրևի հետ ամեն տարի մաքրվում, կորչում է, խնդրով մտահոգ է Ազգային ժողովի պատգամավորը:
Արսեն Թորոսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Բետոնները ամեն տարի ներկվում են, ծեփամածիկը քերվում ա, նորից ներկվում, ու ինձ մոտ հարց ա առաջանում. առնվազն մի քանի ամսից այդ ներկը թափվում ա, կեղտոտվում ա, ոչինչ չի երևում, գիշերային ժամերին լույս չի անդրադարձնում:
Որ պետության փողերը ներկի հետ ջուրը չլցվեն, խնդիրը լուծելու առաջարկով Արսեն Թորոսյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետին, առաջարկել վերանայել գործող պրակտիկան, ներկելու փոխարեն բետոնապատնեշներին լուսանդրադարձիչներ տեղադրել, մեկընդմիշտ հարցը լուծել, ինչպես շատ երկրներում է:
Հայկ Սարգսյան (Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար) - Առաջարկը ընդունելի ա, սակայն պետք ա նշեմ, որ մեր երկրում կան մի քանի փուլով տեղադրված նյուջերսներ, որոնց մի մասը տեղադրվել են բավական վաղուց, այսինքն՝ բավական վնասված են, դրա համար հիշյալ փողոցներում ծեփամածիկով ներկվում են:
Արսեն Թորոսյան - Ոչ մի տեղ քանդված չեն, քանդված են միայն այն տեղերը, որտեղ վթար է եղել, այսինքն՝ ֆիզիկական ներգործության արդյունքում, ոչ թե անձրևից, ձնից: Ու ակնհայտ ա, որ բետոնը ավելի դիմացկուն ա, քան որևէ ներկ:
Ներկման աշխատանքների համար 2022-ի բյուջեով Երևանի քաղաքապետարանը հատկացրել է մոտ 56 մլն դրամ, որով 16.000 քմ-ի ծեփամածիկ, 24.000 քմ-ի համար ներկ է օգտագործվել: Կան փողոցներ, որտեղ այլևս չեն ներկում:
Հայկ Սարգսյան - Նոր տեղադրված նյուջերսները, որոնք տեղադրվում են Աշտարակ - Բաբաջանյան փողոցները միացնող հատվածներում, այլևս չեն ներկվում, պետք է նշեմ, որ Արշակունյաց - Մյասնիկյան փողոցներում տեղադրված բետոնապատնեշներին ևս տեղադրված են փայլաթերթեր, որ ավելի են լավացնում գիշերային ժամերին տեսանելիությունը:
- Ուղղակի արդեն հի՞ն են:
- Այո՛, հին են:
Հին բետոնապատնեշները նորով փոխարինելու ծրագիր քաղաքապետի հետ արդեն քննարկել են, վստահեցնում է մայրաքաղաքի տրանսպորտի պատասխանատուն, դրանք տարեցտարի կթարմացվեն, կբարձրացնեն ճանապարհների տեսանելիությունը գիշերային ժամերին և կնվազեցնեն ճանապարհային պատահարները: Մինչև այդ այսօր հայտնի կլինի արդեն Երևանի փողոցների ու բետոնապատնեշների գծանշումների համար պատասխանատու, նվազագույն գին առաջարկած հաղթող ընկերության անունը: