ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի հարցով հատուկ նստաշրջանի ընթացքում բանաձև է ընդունել՝ նվիրված Ուկրաինայում ռազմական գործողությունների 1 տարվան: Փաստաթղթին կողմ է քվեարկել 141, դեմ՝ 7 երկիր՝ Ռուսաստան, Բելառուս, Հյուսիսային Կորեա, Մալի, Նիկարագուա, Սիրիա և Էրիթրեա։ Ձեռնպահ է մնացել 32 պատվիրակություն, այդ թվում՝ Հայաստանը, Իրանը, Չինաստանը, Ղազախստանը։ 13 երկիր էլ, այդ թվում՝ Ադրբեջանը, Թուրքմենստանը և Վենեսուելան, պարզապես չեն մասնակցել քվեարկությանը: Միաժամանակ, քվեարկության ընթացքում չեն հաստատվել Բելառուսի առաջարկած փոփոխությունները, որոնք նախատեսում էին փաստաթղթից հանել այն դրույթները, ըստ որոնց հակամարտությունը սկսելու պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կարծիք է հայտնել, որ բանաձևը չի նպաստի «Ռուսաստանի և Արևմուտքի միջև մեկ տարի առաջ սրված հակասությունների խաղաղ լուծմանը»։ Նրա բնորոշմամբ՝ փաստաթուղթը միակողմանի է և իրականությունից կտրված։
ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը չունի պարտադիր իրավական ուժ: Այն վերահաստատում է անցյալ տարի Գլխավոր ասամբլեայի պահանջը Մոսկվային՝ զորքերը դուրս բերել Ուկրաինայից և դադարեցնել պատերազմական գործողությունները: