Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների ցուցակը՝ Պուտինի շրջապատի ներկայացուցիչներ և 34 խոշոր ռուս մենեջերներ, որոնք կապված են «Ռոստեկ» և «Ալմազ-Անթեյ» պետական ընկերությունների հետ: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև «Ռոսատոմի» և «Գազպրոմի» մենեջերները՝ ընդհանուր առմամբ 92 ֆիզիկական և իրավաբանական անձ, գրում է BBC-ն։
Մասնավորապես, պատժամիջոցների տակ է հայտնվել Ալինա Կաբաևայի մայրը, որը, ըստ լրատվամիջոցների, միլիոնավոր ռուբլու անշարժ գույք ունի, Տուլայի նահանգապետ Ալեքսեյ Դյումինը, փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը և թվային զարգացման նախարար Մաքսուտ Շադաևը:
Մեծ Բրիտանիան նաև արգելք է սահմանել այն բոլոր բաղադրիչների արտահանման վրա, որոնք Ռուսաստանը մինչ օրս օգտագործել է մարտի դաշտում։ Դա ներառում է ավիացիոն մասեր, ռադիոսարքավորումներ և էլեկտրոնային բաղադրիչներ, որոնք ռուսական ռազմարդյունաբերական համալիրը կարող է օգտագործել անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։
«Բացի այդ, Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել ռուսական չորս ֆինանսական հաստատությունների, այդ թվում՝ «ՄՏՍ-բանկի» դեմ, համոզված, որ դա էլ ավելի կմեկուսացնի Ռուսաստանին միջազգային ֆինանսական համակարգից և կօգնի Մեծ Բրիտանիային ու գործընկերներին կանխել պատժամիջոցների շրջանցումը»,- նշվում է Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի հայտարարության մեջ: