Հայ-ադրբեջանական սահմանին և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած այցից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն անհապաղ գործողություններ է պահանջում: Այսօրվա դրությամբ ԼՂ բնակիչները չեն կարող ազատ դուրս գալ տարածքից և, ինչպես մեզ հայտնել են, 954 մարդ դեռ շարունակում է մնալ միջանցքի երկու կողմերում` դժվարին դրության մեջ:
Միջանցքով թույլատրված է միայն ԿԽՄԿ և ռուս խաղաղապահների ավտոմեքենաների տեղաշարժը, ինչը, բնականաբար, բավական չէ բնակչության պահանջների բավարարման համար:
Բացի այդ, կենսականորեն կարևոր է, որ ապրանքներն առաքվեն ժամանակին։
Բոլոր տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի` համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի»:
Բացի այդ, ըստ ԵԽԽՎ համազեկուցողների, ԼՂ գազի մատակարարման և էլեկտրամատակարարման բազմակի ընդհատումները հանգեցրել են բնակիչների իրավունքների լուրջ խախտումների. բազմաթիվ մարդիկ արդեն կորցրել են աշխատանքը, իսկ երեխաները զրկված են կրթությունից, քանի որ դպրոցները ստիպված են եղել փակել։
Հայտարարությունն ամբողջությամբ` այստեղ: