ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակը հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ։
«Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի ընդունած պարտադիր որոշումը, որով Ադրբեջանը պարտավորվում է ձեռնարկել միջոցներ՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ ԵՄ-ը մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքում շարունակվող խոչընդոտների և տեղի քաղաքացիական բնակչության համար դրա հետևանքով առաջացած մարդասիրական հետևանքների կապակցությամբ։ Միջանցքի օգտագործման վերաբերյալ Ադրբեջանի բոլոր մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն բացառապես երկխոսության միջոցով։ ԵՄ-ը կրկնում է իր կոչն Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան»,- նշված է հայտարարությունում:
Խոսնակ Պետեր Ստանոն ընդգծել է նաև ԼՂ բնակչությանը գազի, էլեկտրաէներգիայի և այլ ծառայությունների անխափան մատակարարման կենսական անհրաժեշտությունը։ «ԵՄ-ը շարունակում է ներգրավված մնալ՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին»,- ասված է հայտարարությունում։