Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատերազմի առաջին տարելիցի օրը դիմել է ուկրաինացիներին։ Նա երկու գրառում է հրապարակել՝ մեկը տեսանյութ՝ դրամատիկ կադրերով, երկրորդում՝ ազգին ուղղված ուղերձ։
«Փետրվարի 24-ին մեզանից միլիոնավոր մարդիկ ընտրեցին ոչ թե սպիտակ, այլ՝ կապույտ և դեղին դրոշը, ոչ թե փախուստ, այլ հանդիպում, հանդիպում թշնամու հետ։ Դիմադրություն և պայքար»,- ասվում է տեսանյութում։ «Սա ցավի, ափսոսանքի, հավատի ու միասնության տարի էր, մեր անպարտելիության տարին, մենք գիտենք, որ սա մեր հաղթանակի տարին է լինելու»։
«Մենք դիմակայեցինք: Մենք պարտություն չենք կրել: Եվ ամեն ինչ կանենք այս տարի հաղթելու համար»,- շարունակել է Զելենսկին տեսաուղերձում: «Պատերազմը փոխեց շատ ընտանիքների ճակատագրեր, փոխեց սովորույթներն ու ավանդույթները...»:
Նա դիմել է Ռուսաստանի գրաված տարածքներում գտնվող քաղաքացիներին. «Ուկրաինան ձեզ չի լքել, չի մոռացել, չի հրաժարվել ձեզնից։ Մենք, ի վերջո, կազատագրենք մեր բոլոր հողերը, ամեն գնով կվերադարձնենք Ուկրաինան։ Ամեն ինչ կանենք, որ Ուկրաինա վերադառնան բոլոր նրանք, ովքեր այժմ ստիպված հայտնվել են արտասահմանում»։
«Ուկրաինան զարմացրեց աշխարհին, Ուկրաինան ոգեշնչեց աշխարհին, Ուկրաինան միավորեց աշխարհը»,- Զելենսկու խոսքն է մեջբերում Interfax-Ukraine-ը։ «Որպես ապացույց կարելի է հազար բառ ասել, բայց մի քանիսը բավական են՝ HIMARS, Patriot, Abrams, IRIS-T, Challenger, NASAMS, Leopard»,- նշել է Ուկրաինայի նախագահը: