Շինարարները հյուսում են Փարաքարի միջնակարգ դպրոցի ամրանային կարկասը: Այս ձմռան ոչ խիստ եղանակը թույլ է տվել աշխատել առանց դադարի ու հիմքերը կառուցել: 4-րդ կարգի վթարային շենքի ապամոնտաժումը մի քանի ամիս է տևել:
Մուշեղ Մարգարյան (Փարաքարի հիմնական դպրոցի շինաշխատանքների ղեկավար) - Հիմնային հեծաններ ենք պատրաստել, պատերն ենք բարձրանում ու սյուները:
Նոր դպրոցը բաղկացած կլինի 8 մասնաշենքից, 864 աշակերտի համար է նախատեսված, կարող է ընդունել ավելի քան 1000-ի:
- Ձեր կառուցած դպրոցը սեյսմակայո՞ւն է լինելու:
Մուշեղ Մարգարյան -100 տոկոսով: Շատ ուրախ ենք, որ երեխաների համար հզոր կառույց ենք կառուցում:
Փարաքարի միջնակարգ դպրոցը ՀՏԶՀ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով շինարարության փուլում գտնվող 20 դպրոցներից մեկն է: Շենքի նախագիծը միջազգային փորձաքննություն է անցել ու ստացել 9 բալ երկրաշարժի դեպքում դիմացկունության սերտիֆիկատ:
Հայկ Գալստյան (ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համակարգող) - Շենքի կառուցումից հետո նույնպես տրվում է վկայական, որ տվյալ շենքը հանդիսանում է 9 բալ երկրաշարժին դիմացկուն, որից հետո նոր վճարումը կատարվում է:
Ծրագրի արժեքը մոտ 2 մլրդ դրամ է: Բացի սեյսմակայունության բաղադրիչից, նորակառույց դպրոցը այլ առավելություններ ևս կունենա:
Հայկ Գալստյան - Սեյսմակայունության կոմպոնենտից բացի նաև ժամանակակից կրթական պայմաններին համահունչ են: Մոդուլային դպրոց է, որտեղ փորձել են ճարտարապետական լուծումները գրավիչ դարձնել աշակերտների համար:
Փարաքարի դպրոցը մատչելի է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար, տեղադրվելու են վերելակներ, թեքահարթակներ: Այն շահագործման կհանձնվի 2024-ի ամռանը՝ ամբողջությամբ կահավորվելուց հետո:
Հայկ Գալստյան - Կշահագործվի 10 դպրոց, որից 3-ի աշխատանքները ավարտված են, հանձնման-ընդունման և կահավորման աշխատանքներն ընթացքում են:
Շուտով կմեկնարկեն նաև Ճամբարակի համար 1 դպրոցի վերակառուցման աշխատանքները: