Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 13-ի N 382-Ա որոշմամբ ստեղծված՝ ՀՀ ճանապարհային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
Փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ճանապարհային անվտանգության հիմնախնդիրների լուծման առաջնահերթությունը, կարևորել բոլոր գերատեսչությունների ու շահագրգիռ մարմինների համագործակցությունը և համակարգված աշխատանքը, ինչն իր դրական և տեսանելի ազդեցությունը կունենա ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցման վրա։
Նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային անվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքները, ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, ՃՏՊ-ների նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և միջոցառումները։ Քննարկվել են նաև «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են Ճանապարհային անվտանգության աուդիտորի ինստիտուտի ներդրմանը, ՀՀ ճանապարհների անվտանգության ազդեցության գնահատման անհրաժեշտությանը, ճանապարհային անվտանգության կառավարման մարմնի ձևավորմանը։
Հատուկ ընդգծվել է նաև ճանապարհային անվտանգության կրթական ծրագրերի իրականացումը և, հաշվի առնելով «Ճանապարհային անվտանգության բարելավման» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ համագործակցությամբ 2021 թ․ իրականացված առցանց կրթական ծրագրի հաջող փորձը, առաջարկվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ դիտարկել այն կրթական ծրագրերում ներառելու հնարավորությունը։