Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հայ փրկարարների աշխատանքի, ինչպես նաև Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության համար, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը:
Ալ-Ասադն ընդգծել է, որ Սիրիային աշխարհասփյուռ հայության հետ կապում են պատմական կապերը:
Սիրիայի նախագահը կարծիք է հայտնել, որ պետությունների միջև մարտահրավերներն ու փոփոխությունները հաղթահարելու համար կարևոր է լավ հարաբերությունների և դաշինքների ստեղծումն ընդհանուր սկզբունքներով։
Արարատ Միրզոյանը փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայ ժողովրդի ցավակցությունները՝ վստահեցնելով, որ Հայաստանը չի կարող սիրիացիների կողքին չլինել և օգնություն չառաջարկել:
Նախարարը նաև հավաստիացրել է, որ մեր երկիրը հիշում է Սիրիայի՝ հայ ժողովրդի կողքին կանգնելը և օգնություն առաջարկելը, երբ 1988-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը:
Միրզոյանը նաև նշել է, որ Սիրիան հազարավոր հայերի հայրենիքն էր, որոնք մինչ օրս ապրում են այնտեղ։