ՌԴ-Ն ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՀՀ-ԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ. ԳԱԼՈՒԶԻՆ
Ռուսական կողմը հետևողական աջուկցություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի մշակման հարցում՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Միխայիլ Գալուզին (ՌԴ փոխարտգործնախարար) - Ռուսաստանը ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Դրանք հիմնված են 2020-2022 թվականների ընթացքում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ հայտարարությունների վրա, որոնք նախատեսում են մի շարք առաջնահերթ միջոցառումներ, այդ թվում՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում և այլն:
Պաշտոնյան նշել է՝ այս համալիր քայլերը պետք է նպաստեն տարածաշրջանում արդար խաղաղության հաստատմանը: Գալուզինի խոսքով՝ հենց այս ամենն էլ կարտացոլվի խաղաղության համաձայնագրում։
Միխայիլ Գալուզին - Ռուսաստանի միջնորդությունն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության ապահովմանը՝ փոխադարձ ընդունելի հանգուցալուծում գտնելու նպատակով։ Դրա համար էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կանոնավոր այցեր է կատարում Երևան և Բաքու: Մենք նաև մեր գործընկերներին ենք փոխանցել խաղաղ գործընթացի հիմնարար սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ ռուսական նկատառումները, որոնք հաշվի են առնում կողմերի մոտեցումները:
Գալուզինը հավելել է՝ Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: «Սակայն այդ ջանքերի գործադրման ընթացքում կարևոր է խուսափել կրկնությունից և մրցակցությունից»,- շեշտել է փոխարտգործնախարարը՝ անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև որպես միջնորդ հանդես գալու՝ Եգիպտոսի նախագահի նախաձեռնությանը։
Գալուզինի խոսքով՝ խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան։ Վերջնական կարգավորման համար ժամանակ, համբերություն և փոխադարձ վստահություն է անհրաժեշտ:
«Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը Ռուսաստանի համար միշտ առաջին պլանում կլինեն», - նշել է նա։
ԱՄՆ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ. ՓՐԱՅՍ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Էնթոնի Բլինքենը նշում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում զգալի առաջընթացը, մասնավորապես՝ վերջին մի քանի ամսի ընթացքում:
Նեդ Փրայս (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Դա կողմերի միջև փոխգործակցության արդյունքն է։ Դա նաև Միացյալ Նահանգների հետ երկկողմ և եռակողմ գործակցության, ինչպես նաև Եվրամիության դիվանագիտության աշխատանքի արդյունքն է: Մենք հույս ունենք նույնը տեսնել նաև, երբ կողմերն առաջիկայում հանդիպեն Բրյուսելում՝ մասնակցելու Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հյուրընկալած բանակցություններին։
Փրայսը հավելել է՝ ամերիկյան կողմն ամեն կերպ շարունակում է աջակցել Հայաստան-Ադրբեջան երկխոսությանը, որն ուղղված է համապարփակ կարգավորմանը:
ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԵԼ, ՈՐ ԱԼԻԵՎԸ ԵՆԹԱՐԿՎԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ. ՓԱԼՈՆ
Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հաստատում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հակասում է միջազգային իրավունքին և պետք է անհապաղ դադարեցվի՝ հայտարարել է Ֆրենկ Փալոնը։
«ԱՄՆ պետքարտուղարությունը և մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը ենթարկվի այս որոշմանը և թույլ տա մարդկանց տեղաշարժը և ապրանքների ազատ հոսքը դեպի Արցախ»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսականը:
ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՓԱԿՈՒՄԸ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ. HRW
Լաչինի միջանցքի փակումը խաթարել է Լեռնային Ղարաբաղում ապրող հազարավոր էթնիկ հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը և հումանիտար ճգնաժամ է առաջացնում՝ գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան:
«Ադրբեջանի իշխանությունները և ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ բողոքի ակցիաները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին չզրկեն իրենց իրավունքներից»,- շեշտել է Գոգիան: