Կառավարությունը փոփոխություն կատարեց նախկինում ընդունված որոշումներից մեկում: Դրա համաձայն՝ մաքսային մարմինների կողմից ձևավորվող տարանցիկ հայտարարագրի էլեկտրոնային տեսքի 44-րդ դաշտում հնարավոր կլինի նշել բոլոր խմբաքանակների ուղեկցող փաստաթղթերի տվյալները. նպատակն է ՀՀ սահմանային անցման կետերում առկա հերթերի նվազեցումը, ինչի նպատակով մշակվել և ներդրվել է համապատասխան տեխնիկական հնարավորությունը:
«Այս նախագծով մեր հերթական նախաձեռնությունն ենք իրականացնում առևտրի դյուրինացման և մաքսազերծման ժամկետների կրճատման գործով»,- Կառավարության նիստին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Լուծում ենք սահմանահատման արագության հարցը: Հիմա սահմանային անցման կետերում դեպի երկրի ներս տրանսպորտային միջոցները տեղափոխվում են տարանցման հայտարարագրերով, և ստացվում են իրավիճակներ, երբ մեկ բեռնատարի մեջ առկա է 10, 15 կամ 20 ստացողի բեռ, և դրանցից յուրաքանչյուրի համար պետք է լրացնել առանձին տարանցման հայտարարագիր, որը կարող է տևել 5-15 րոպե:
Այս փոփոխությամբ հնարավորություն է ընձեռվում հետագայում բոլոր մանրամասն փաստաթղթերը կցելու պայմանով լրացնել 1 տարացման հայտարարագիր, և եթե 10-ի դեպքում կարող է մինչև 2 ժամ տևել նման փաստաթղթերի լրացումը սահմանային անցման կետերում, ապա այս դեպքում կտևի 20-25 րոպե: Սա նաև այն կոնտեքստում ենք անում, որ ծանրաբեռնվածությունն էականորեն ուժեղացել է, այսինքն՝ 2022 թվականին մենք սպասարկել ենք 240 հազար հայտարարագիր 2021 թվականի 158 հազարի փոխարեն: Այսինքն՝ 82 հազարով ավելացել է հայտարարագրերի քանակը»,- ասաց Բադասյանը: