ՊԵԿ-ը հրապարակել է ուղեցույց այն մասին, թե որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը:
2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության որոշմամբ սահմանված շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված առաջին գոտում:
2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված երկրորդ գոտում։
2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված երրորդ գոտում։
2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված՝ վերոնշյալ կետերում չնշված գոտիներում:
ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ նշված սահմանափակումները չեն կիրառվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ, ինչպես նաև մինչև վերոնշյալ փոփոխությունն ստացված հիփոթեքային վարկերի շրջանակում եկամտային հարկի գումարների հետագա վերադարձի նկատմամբ: