Բեռնատարը դեռ Հայաստան չի հասել՝ ՊԵԿ-ում պատրաստ սպասում են ապրանքը երկիր մտնի, որ անմիջապես մաքսակետից այն բաց թողնեն։ Այդպես, պարզվում է՝ լինում է, երբ ներմուծումն իրականացվել է նախնական հայտարարագրով՝ լինի Բագրատաշենում թե Մեղրիում, բեռը տեղում այլևս չեն զննում, սպասեցնում, եթե անհրաժեշտ բոլոր տվյալներն ու փաստաթղթերը բիզնեսը վաղօրոք ինտերնետով է ստուգման ուղարկել։
Մարինե Հակոբյան (ՀՀ ՊԵԿ նախնական մաքսային հայտարարագրերի հսկողության բաժնի մաքսային տեսուչ) - Ունենք սպասվող ապրանքներից՝ բամբակե մանվածք, հատակի երեսպատման սալիկներ ունենք, սիգարետի ֆիլտր ունենք՝ քիմիական մանրաթելից, թույլ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ:
Օրերս լրացավ մեկ տարին, ինչ սկզբում փորձնական, հետո՝ մշտական ռեժիմով Հայաստանում ներդրվեց նախնական հայտարարագրի համակարգը։ Դրանով ներկայացված հայտերի քանակը՝ եռամսյակից եռամսյակ աճել է երկրաչափական պրոգրեսիայով՝ ասում է բաժնի պետը։
Սամվել Ղազարյան (ՀՀ ՊԵԿ նախնական մաքսային հայտարարագրերի հսկողության բաժնի պետ) - Նախորդ մեկ տարվա ընթացքում նախնական հայտարարագրով ներմուծվել է ավելի քան 18,5 մլրդ դրամ մաքսային արժեքով ապրանքներ, տվյալ ապրանքները ներմուծվել են 2 300 հայտարարագրով և միջին տվյալով՝ այդ 2300 հայտարարագիրը վերաբերել է 5000 բեռնատարի:
Ղազարյանը փակագծեր է բացում․ երբ թույլ են տալիս բեռնատարը մաքսակետից գնա ուղիղ բիզնեսի պահեստ՝ ոչ թե տերմինալ զննության, տնտեսվարողը ամեն մեքենայի հաշվով մոտ 20 հազար դրամ չի ծախսում՝ կշեռքի, ապրանքը սառնարանում դատարկելու-վերաբարձելու և այլ գործողությունների վրա։ Գումարի հետ նաև ժամանակ է խնայում: Նախնական հայտարարագրով ապրանքի բացթողումը տևում է առավելագույնը 2-3 ժամ՝ նախկին 20-70-ի փոխարեն։ Սկզբում միայն խոշոր ներկրողների համար գործարկված համակարգից այժմ կարող են օգտվել նաև փոքր բիզնեսները։
Սամվել Ղազարյան - Եթե, օրինակ, սկզբնական շրջանում կար 300 մլն առնվազն ներմուծում ունենալու պարտադիր պահանջ տնտեսվարողի նկատմամբ, գնալով այդ ցուցանիշը նվազեց՝ այժմ գումարային սահմանափակում չկա, պարզապես տնտեսվարողը պետք է հանդիսանա ԱԱՀ վճարող, և նախորդ օրացուցային տարում իր ձևակերպած բոլոր ապրանքների գոնե կեսը մաքսային արժեքը պետք է որոշած լինի առաջին մեթոդով:
Նախնական հայտարարագրմամբ՝ տնտեսվարողները ներկրում են հիմնականում շինանյութ, նաև՝ սնունդ, մաշկի խնամքի միջոցներ ու տարբեր արտադրություններում օգտագործվող հումք։ Միայն լաբորատոր փորձաքննություն պահանջող բեռի համար է սահմանափակում դրված, ապրանքի ծագման երկիրը նույնպես խնդիր չէ։ Մաքսազերծման պարզ ու արագ այս տարբերակը դեռ կկատարելագործվի՝ տարեսկզբին հայտարարել էր կոմիտեի փոխնախագահը։
Ծովինար Սողոմոնյան (ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ) - 2023 թվականը լինելու է նախնական հայտարարագրման համակարգի ընդլայնման տարի։
Նախնական հայտարարագիրը բիզնեսը պետք է ներկայացնի trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան»-ով։ Տնտեսվարողի ուղարկած հայտը մաքսավորներին է հասնում շաբաթը 7 օր, օրը 24 ժամ ռեժիմով։ Չէինք հասցրել նկարահանումն ավարտել՝ տնտեսվարողից նոր դիմում ստացան:
Վստահեցնում են՝ մինչև բեռը Բագրատաշենի մաքսակետ հասնի՝ Երևանում կավարտեն փաստաթղթային հեռակա ստուգումը, կմնա տեղում բացթողումը ձևակերպեն։