Կառավարությունը հաստատել է Զբաղվածության խթանման միջոցառումը, որի նպատակն է մեծացնել ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման հնարավորությունները: Ըստ այդմ՝ առաջարկվում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց աշխատանքի ընդունման դեպքում գործատուներին տալ աջակցություն՝ աշխատանքի ընդունած անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասնակի չափով, ընդ որում՝ աջակցության չափը և աջակցության տևողությունը տարբերակվում է աշխատանքի ընդունվող անձի տարիքով, սեռով, երեխա ունենալու, ինչպես նաև հաշմանդամություն ունենալու հանգամանքով պայմանավորված։ Որպես միջոցառման շահառուներ հիմնականում նախատեսվել են ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձինք՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով նախատեսված ոլորտային գերակայությունները: Շահառուների տարիքային բաժանման համար հաշվի է առնվել նաև «Ամերիա» և «Սիվիտտա Հայաստան» խորհրդատվական ընկերությունների կողմից իրականացված աշխատաշուկայի ուսումնասիրության արդյունքները։ Մասնավորապես՝ ՀՀ աշխատանքային ռեսուրսներում բավականին մեծ տեսակարար կշիռ ունեն 16-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդները, միջին տարիքի (30-45 տարեկան) երեխա ունեցող գործազուրկ մայրերը, որոնք երեխայի խնամքով պայմանավորված աշխատաշուկայում դառնում են քիչ մրցունակ: Իսկ թիրախ խմբերում 63-ից բարձր տարիքի անձանց ներառման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականը, համաձայն որի պետք է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր կենսաթոշակառուներին աշխատաշուկայում պահելու ուղղությամբ։
Հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձին աշխատանքի ընդունելու դեպքում առաջարկվում է գործատուին տրամադրել միանվագ աջակցություն՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով նախատեսված խելամիտ հարմարեցման համար կատարված ծախսերի փոխհատուցման համար։ Աջակցությունն առաջարկվում է տալ այն գործատուներին, որոնք չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող և ծրագրի շրջանակում աշխատանքային պայմանագիր են կնքում այն գործազուրկի հետ, որը մինչև սույն միջոցառման շրջանակում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին երեք ամսվա ընթացքում չի հանդիսացել հարկ վճարող աշխատող և վերջին վեց ամսվա ընթացքում չի եղել աշխատանքային հարաբերությունների մեջ տվյալ գործատուի հետ։