Կառավարությունը 2 միլիարդ 387 միլիոն 497 հազար դրամ է հատկացրել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2021 և 2022 թվականների սուբվենցիայի 27 ծրագրերը:
Մասնավորապես, իրականացվել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ բնակավայրերի 21 կմ ընդհանուր երկարությամբ գազատարի, Թալին համայնքի Լուսակն բնակավայրի խմելու ջրագծի կառուցման աշխատանքներ, Արարատի մարզի Մասիս բնակավայրի թիվ 3 մանկապարտեզի կառուցման, Զորակ և Այնթապ բնակավայրերի փողոցների նորոգման, Արտաշատի 12 բնակավայրի ոռոգման համակարգերի կառուցման/նորոգման աշխատանքներ: Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրում հիմնանորոգվել են մայթերը, Մեծամոր բնակավայրում կառուցվել է խմելու ջրամատակարարման ցանց, Ակնալիճ բնակավայրում՝ 500 գծամետր երկարությամբ գազատար: Գեղարքունիքի մարզի Գավառ բնակավայրի կենտրոնական հրապարակում տեղադրվել է շատրվանային համակարգ, Զոլաքար համայնքում կառուցվել է մանկապարտեզի շենք, բարեկարգվել է տարածքը: Լոռու մարզի Սարահարթ բնակավայրում կառուցվել է ոռոգման համակարգ, Գոգարան բնակավայրում իրականացվել են կենտրոնական փողոցից դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի սալարկում, Գյուլագարակ, Կուրթան և Հոբարձի բնակավայրերում՝ ճանապարհների ասֆալտապատում: Կոտայքի մարզի Աբովյան համայնքում կառուցվել է փողոցային լուսավորության համակարգ, Զորավան բնակավայրում իրականացվել են խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ, Ծաղկաձոր բնակավայրի Օրբելի եղբայրներ և Չարենցի փողոցների, Պահլավունյաց, Սարալանջ հատման հատվածով դեպի Մ.Մկրտչյան փողոց և դեպի Հայֆիդայիների փողոցի կոյուղագծերի կառուցման աշխատանքներ: Սյունիքի մարզի Գորիս բնակավայրում հիմնանորոգվում է թիվ 3 մանկապարտեզի շենքը, Շինուհայր և Տաթև բնակավայրերում վերանորոգվում են մանկապարտեզների շենքերը: Վայոց ձորի Վայք համայնքում իրականացվել են փողոցների վերանորոգման, Տավուշի մարզի Սևքար բնակավայրում՝ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներ: