Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոցներ կիրառելու Հայաստանի ներկայացրած պահանջներից մեկը և պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ: Դատարանը բավարար չհամարեց Ադրբեջանի հավաստիացումները, թե շարունակում են ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժը:
Ջոան Դոնահյու (ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահ) - 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ԼՂ-ի և ՀՀ-ի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարված է: Դատարանը արձանագրում է, որ այս իրավիճակի հետևանքով մի շարք հետևանքներ են ծագել, և, որ հետևանքները կրող անձինք շարունակում են մինչև այս այդ ազդեցությունը կրել: Տեղեկությունների համաձայն՝ նաև խոչընդոտվել է ԼՂ կենսական ապրանքների ներմուծումը, որի հետևանքով սննդի, դեղորայքի և կյանք փրկող այլ պարագաների պակաս է առաջացել: Դատարանը գտնում է, որ վնասը կարող է անուղղելի համարվել, երբ համապատասխան անձինք հայտնվում են կյանքի և առողջության համար վտանգավոր հանգամանքներում:
Դատարանը Հայաստանի մյուս երկու պահանջները չբավարարեց, որոնցից մեկով Ադրբեջանը պետք է դադարեցներ ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և դրանց աջակցությունը: Հայաստանի այս պահանջը հիմնավոր չհամարվեց: Երրորդ պահանջը, որը մերժվեց, գազի մատակարարման վերաբերյալ էր:
Ջոան Դոնահյու - Հիշատակվում է նաև, որ Հայաստանը պահանջել է կիրառել միջոց` Ադրբեջանին հարկադրելով անհապաղ ամբողջությամբ վերականգնել և ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղին բնական գազի և կոմունալ այլ ծառայությունների մատակարարումը ընդհատելուց: Դատարանը համարում է, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել այն հանգամանքի, որ Ադրբեջանն է խաթարում բնական գազի և այլ ծառայությունների մատակարարումը ԼՂ բնակիչներին, հետևաբար այդ միջոցը կիրառման ենթակա չէ:
ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Այս որոշումը ներկայացնելուց հետո դատարանը հրապարակեց նաև «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ որոշումը: Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը դիտավորյալ շարունակել է քաղաքացիական գոտիներում տեղադրել ականներ: Հունվարի 31-ին Հայաստանի ներկայացուցիչը հիմնավորել է, որ ականները Հայաստանի ինքնիշխան տարածքում են և բացառապես պաշտպանական նպատակ են հետապնդում: Դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի պահանջները:
Ջոան Դոնահյու - Դատարանը չի համարում, թե Ռասայական խտրականությունների բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան պարտավորեցնում է Հայաստանին միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանին ականազերծում իրականացնելու հնարավորություն տալու կամ ականներ տեղադրելը դադարեցնելու հարցում: Ադրբեջանը դատարանին չի ներկայացրել ապացույցներ, որոնք ցույց կտան, թե ականների հետ կապված Հայաստանի ենթադրյալ վարքագիծը նպատակ ունի խաթարել ադրբեջանական ծագում ունեցող անձանց իրավունքները: Դատարանը եզրակացրել է, որ ժամանակավոր միջոցների կիրառման պայմանները բավարարված չեն:
Հաագայի դատարանը նաև արձանագրեց, որ ուժի մեջ են մնում նաև 2021-ի դեկտեմբերի 7-ի ժամանակավոր միջոցները, ըստ որոնց` Ադրբեջանը պարտավոր է ձեռնպահ մնալ բռնությունից և մարմնական վնաս պատճառելուց բոլոր այն անձանց, որոնք գերեվարվել են 2020-ի հակամարտության ընթացքում և մնում են անազատության մեջ, և պարտավոր է ապահովել օրենքի առաջ նրանց հավասարությունը ու անվտանգությունը: ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերի վճռով Ադրբեջանը պարտավոր է միջոցներ ձեռնարկել կանխելու ռասայական խտրականության և ատելության սերմանումը հայերի նկատմամբ:
Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը և ծանուցելու է դատարանին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի քննության ամբողջ ժամկետի ընթացքում ի հայտ եկած ցանկացած խախտման մասին։