ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ՝ ԱՆԿԱՐԱՅԻՑ ԱԹԵՆՔԻՆ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հունաստանին է ներկայացրել երկկողմ հարաբերությունների բարելավման վերաբերյալ վեց կետից բաղկացած առաջարկ, որը հրապարակել է Հունաստանի կառավարությունը:
Անկարան առաջարկել է հինգ տարվա ընթացքում ապառազմականացնել Էգեյան ծովի արևելյան հատվածի և Դոդեկանես կղզեխումբը, համատեղ ուսումնասիրություն սկսել Էգեյան ծովում ածխաջրածինների հայտնաբերման և արդյունահանման համար: Առաջարկվում է նաև շարունակել Հունաստանի և Թուրքիայի միջև հետախուզական մակարդակի շփումները, վերսկսել վստահության ամրապնդման միջոցառումները, շարունակել ՆԱՏՕ-ի շրջանակում ռազմական հարցերի շուրջ բանակցությունները: Բացի այդ, Հունաստանը պետք է նաև ճանաչի Թրակիայում և Դոդեկանեսում մուսուլմանական փոքրամասնության իրավունքները:
«Այո, մենք ունենք տարաձայնություններ, ցավոք, սրացումներ ենք ունեցել։ Բայց ես կարծում եմ, որ պետք է թուլացնել լարվածությունը և ամրապնդել դրական օրակարգը»,- հայտարարել է Չավուշօղլուն:
ԹՈՒՐՔԻԱՆ` ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻՑ ՀԵՏՈ
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո թալանով զբաղվելու մեջ կասկածվում է 282 մարդ, 181-ը ձերբակալվել ен՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները: Նշվում է նաև, որ տուժած 11 շրջաններում այս պահի դրությամբ 564 մարդ էլ կասկածվում է ցնցումների հետևանքով փլուզված շենքերի կառուցման ժամանակ շինարարական կանոնները խախտելու մեջ։ Նրանցից առնվազն 160-ը ձերբակալվել է։
Վերջին տվյալով՝ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը շուրջ 44.000 է, փլատակներից ավելի քան 114 հազար մարդ է փրկվել, 1,6 մլն քաղաքացի ժամանակավոր կացարան է ստացել: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքներն արդեն ավարտվել են:
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն էլ հայտնել է, որ քաղաքում քանդում են այն շինությունները, որոնք ոչ սեյսմակայուն են ճանաչվել։
ԿՈՐԾԱՆՎԵԼ Է ԻՐԱՆԻ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՈՒՂՂԱԹԻՌԸ
Իրանի սպորտի նախարար Համիդ Սաջադին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է երկրի հարավում գտնվող Քերման նահանգի Բաֆթ քաղաքում՝ հայտնում է IRNA գործակալությունը: Նախարարը հոսպիտալացվել է: Ուղղաթիռում եղել է ևս 12 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, որոնք նույնպես տեղափոխվել են հիվանդանոց:
Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանի սպորտի նախարարի խորհրդական Իսմայիլ Ահմադին մահացել է: Քերմանի նահանգապետի խոսքով՝ մյուս վիրավորների վիճակը կայուն է։
39 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
«Յոթի խմբի» երկրները՝ ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան 2023 թվականի ընթացքում Ուկրաինային 39 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն կհատկացնեն: Նման որոշում է կայացվել Հնդկաստանում խմբի ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի ղեկավարների մակարդակով հանդիպման արդյունքներով։
Աջակցության փաթեթը կօգնի ապահովել Ուկրաինայի կառավարության գործունեությունը, վերականգնել վնասված ենթակառուցվածքները և կայունացնել տնտեսությունը։
Հաղորդագրության համաձայն՝ G7-ի երկրները նաև կանեն հնարավորը՝ կանխելու հակառուսական պատժամիջոցներից շրջանցումը:
ՄՈԼԴՈՎԱՆ ՉԵՂԱՐԿՈՒՄ Է ԱՊՀ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ
Մոլդովան ԱՊՀ-ի շրջանակում կնքած համաձայնագրերի չեղարկման գործընթաց է սկսում՝ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն։ Նրա խոսքով՝ չեղյալ կհայտարարվեն այն համաձայնագրերը, որոնք անհամատեղելի են Եվրամիությանը միանալու՝ Քիշնևի ստանձնած պարտավորություններին:
Մոլդովական կողմը նաև հերքել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե Ուկրաինան սադրիչ ռազմական գործողություններ է ծրագրում Մերձդնեստրի դեմ: Ռուսաստանի ՊՆ-ն պնդել է, թե ուկրաինական կողմը կարդարացնի իր հարձակումը՝ հայտարարելով, թե ռուսական ուժերը ցանկանում են հարձակվել Ուկրաինայի վրա Մերձդնեստրի տարածքից:
Մոլդովայի կառավարությունը կոչ է արել հանրությանը սադրանքների չտրվել և հանգստություն պահպանել: